fbpx
Խորհրդարան
14:30 21/01/2020

Քաշքշուկին մասնակցած ԲՀԿ-ականները հեռացվեցին դահլիճից․ Արման Աբովյանը կոչ արեց հեռացնել նաև Բաբաջանյանին

ԱԺ նիստերի դահլիճում վիճաբանությանն ու քաշքշուկին մասնակցած ԲՀԿ-ական 4 պատգամավորների ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռացրեց նիստերի դահլիճից:

Նա, մասնավորապես, հայտարարեց.

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հետևյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական միջոցները: Պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են մինչև այսօրվա ավարտը կայանալիք նիստերից՝զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքներից: Կարգադրիչներին խնդրում եմ ապահովել սրա կատարոմը»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, անդրադառնալով այս միջադեպին, նշեց, որ պարոն Բաբաջանյանն արդեն որերորդ անգամ սադրում է

«Հասկանում եմ՝ ինչի համար է նա սադրում, որ լրատվամիջոցում, որը պարոն Բաբաջանյանի հովանավորության տակ է, հայտնվի մի գրառում՝ «Բարգավաճ Հայաստանը» պաշտպանում է կրիմինալը»: Ոչ, կրկին անգամ անգամ ոչ, չի ստացվի մեր վզին փաթաթել այն, ինչը գոյություն չունի: ԲՀԿ-ն պաշտպանում է քաղաքացու իրավունքները, և այս օրենքը ոտնահարում է ոչ թե, այսպես կոչված, գողական աշխարհին, այլ հենց քաղաքացու իրավունքները»,-ասաց նա և կոչ արեց բոլորին հանգստանալ:

Արման Աբովյանը նշեց, որ արդեն Facebook-ում տեսնում է անընդունելի գրառումներ։

«Հիմա մենք էլ գրառումներ անե՞նք»: Ես հասկանում եմ իրական նպատակը՝ կրկին անգամ նենգափոխելով մեր դիրքորոշումը, բերել բավականին հասկանալի եզրույթները մեր վրա փաթաթել»,-ասաց նա:

Դիմելով ԱԺ նախագահությանը՝ Արման Աբովյանն ասաց. «Եթե կարգապահական պատճառով «Բարգավաճ Հայաստանի» չորս պատգամավոր է հեռացվում, ապա, ես կարծում եմ, որ պետք է հեռացվի նաև սադրիչը՝ պարոն Բաբաջանյանը»:

Սրան արձագանքեց ԱԺ նախագահը՝ նշելով. «Լավ է, որ այդպես եք կարծում, բայց այդպիսի կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունի միայն նիստը նախագահողը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ