fbpx
Հասարակություն

Քաղաքական գործիչների արձագանքը վարչապետի կոչին

Քաղաքական գործիչները, փաստաբանները ֆեյսբուքյան իրենց էջերում արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։ Ոմանք նաև դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

Հայտարարություններն ու գրառումները ներկայացնում ենք ստորև։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

«Ավելի վտանգավոր բան, քան քաղաքացուց ամբոխ սարքելն է՝ չկա

Ավելի զարհուրելի բան, քան մանկահասակ երեխաների ներկայությամբ մարդու վրա հարձակվելն ու հայհոյելն է՝ չկա: Ի՞նչ են հիշելու այդ փոքրիկները. որ իրենց պապիկին հրում և հայհոյում էին ադեկվատությունը կորցրած մարդի՞կ, որոնք բոլորովին ուրիշ թեմայով էին ցույցի դուրս եկել ու ճանապարհին պատահաբար հանդիպել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի՞ն: Ավելի վտանգավոր բան, քաղաքացուց ամբոխ սարքելն է, որի միակ բնազդը ատելությունն ու թշնամանքն է` չկա:
Կանգ առնել է պետք: Հանուն ոչ մի նպատակի չի կարելի, ուղղակի չի կարելի հասարակությանը բաժանել ներքին թշնամիների: Ատելության այս շղթան ջարդել է պետք, այլապես` ուշ կլինի, եթե արդեն ուշ չէ: Տեղի ունեցավ այն, ինչից զգուշանում էինք, բայց հասկանում էինք, որ այլևս անխուսափելի է: Ատելության լավան սոցցանցերից հորդաց իրական կյանք ու ես վախենում եմ սահմռկեցուցիչ հաշվեհարդարներից: Ճանապարհը մեկն է` իշխանությունը, որպես քաղաքացի, չպիտի սնվի սոցցանցերում սեփական՝ իրական ու ֆեյք նվիրյալների ագրեսիվ ադրենալինով:
Սա շատ վտանգավոր ճանապարհ է, որը կասեցնելու համար իմաստնություն, լրջություն և խոհեմություն է պետք»:

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյան

«Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից, պահպանել քաղաքացիական զգոնություն, մնալ ՀՀ օրենսդրության սահմաններում և չտրվել սադրանքների։

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է իշխանությունների բաժանումը և իշխանության թևերի անկախությունը, զսպումների և հակակշիռների համակարգը։

ՀՀ գործադիր իշխանության ղեկավարն իր այսօրվա կոչով առերևույթ խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքը, կոպտագույն ձևով միջամտելով դատական իշխանության գործունեությանը։

ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում ապահովել հասարակական կարգի պահպանությունը և պետական ու ազգային ինստիտուտների անվտանգությունը և նրանց բնականոն գործունեությունը»:

Արփինե Հովհաննիսյան

«Հիշեցնում եմ՝ երկիրը ունի ղեկավար ու դա Արմեն Սարգսյանն է։ Սա Սահմանադրության համապատասխան հոդվածն է՝ ինչ պիտի անի նախագահը։ Հոկտեմբերի 2-ին բան չարեց, տեսնենք հիմա ինչ կանի»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

«Ես հարգանքով եմ վերաբերում մեր երկրի նախագահին, բայց Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո չեմ հասկանում նրա այժմյան անգործությունը:
Չէ՞ որ Սահմանադրության պահպանմանը հետևելու պարտականությունը կրում է ՀՀ նախագահը…»։

«Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ վաղը դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և չներգրավվել դատական համակարգը ոչնչացնող գործընթացների մեջ:

Հիշեք, հակառակ դեպքում կանգնելու ենք քաղաքացիական պատերազմի իրական առջև, ինչին հաջորդելու է պետականության սասանումը…

Խնդրում եմ լինել ողջամիտ…»:

«Իմ քայլը» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյան

«Հարգելի ուսանողներ, վաղը ոչ միայն չեմ լինելու ՀՊՏՀ-ում դասի, այլև առաջարկում եմ դասադուլ անել և միասին արգելափակել բոլոր դատարանների մուտքերը։

ՀԳ։ Դասերն անպայման լրացնելու ենք, սակայն հեղափոխության երկրորդ փուլից հետո»:

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյան

«Վաղը առավոտյան 8:30-ից փակելու եմ Քոչարյանին ազատություն նվիրող դատարանի դուռը (Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան)։

Հեղափոխությունը պետք է հասցնել տրամաբանական ավարտին։

Սիրում եմ բոլորիդ, մինչ հանդիպում»:

Փաստաբան Տիգրան Աթանեսյան

«Հայաստանի բոլոր դատավորները եթե վաղը հրաժարական տան, դա կլինի Հայոց երրորդ Հանրապետության վախճանի սկիզբը։

Ո՞վ կարող է այս ամենի դեմն առնել»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունց

«Այն, որ Ռ.Քոչարյանի աջակիցների դաշինքը ստեղծվել էր մայիսի 13-ին դատական նիստի ժամանակ հավաքվելու դատարանի մոտ և ճնշում գործադրել դատարանի վրա, չեմ կասկածում:

Առաջին օրը միայն Վարդգես Գասպարին էր փաստորեն հակացույց անողը, որի նկատմամբ բռնություն գործադրվեց, որից հետո հաջորդ օրը արդեն ավելի մեծ թվով հակացույցի մասնակիցներ հավաքվեցին:

Այս ամենը վկայում է իրապես դատական իշխանության և դատարանի նկատմամբ բացառիկ անվստահության մասին:

Բայց արդյոք այդ անվստահության հարցը կարելի՞ է լուծել նույն ճնշման մեթոդներով, միանշանակ ՈՉ:

Այդ պատճառով, կոչ եմ անում, հրաժարվել նույն մեթոդներից, որը կիրառեցին Ռ.Քոչարյանի կողմնակիցները:

Խնդիրը լուծելու համար կա Ազգային Ժողովը՝ որպես մարմին, քննարկման տեղը ԱԺ-ում է:

Իսկ դատական իշխանության կտրուկ փոփոխությունների մեխանիզմները կարող են միմիայն լինել իրավական:

Առանց իրավական մեթոդների, մնացած ցանկացած մեթոդները ոչ միայն անթույլատրելի են լեգիտիմ օրենսդիր մարմնի առկայության պայմաններում, այլ նաև խիստ վտանգավոր:

Հրաժարվեք պարոն վարչապետ այդ քայլից:

Նախ և առաջ, թե ինչու չեն արվել համարժեք քայլերը իրավական լուծումներ տալու դատական կտրուկ, արմատական բարեփոխումների համար, դա պետք է քննության առնել և լուծել այդ պատճառի խնդիրը»:

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության հիմնադիր, Արցախի նախկին ՄԻ պաշտպան Ռուբեն Մելիքյան

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ՀՀ քաղաքացիներին արգելափակել ՀՀ բոլոր դատարանները: Դրանով խափանվում է դատարանների՝ որպես մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող և վեճերը իրավունքի հիման վրա լուծող սահմանադրական ինստիտուտի գործունեությունը, ուստի փաստացի դադարեցվում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածների գործողությունը: Դա, քրեաիրավական գնահատմամբ, սահմանադրական կարգի տապալում է:

Կոչ ենք անում՝

1) Հանրապետության նախագահին՝ ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթի շրջանակներում, միջոցներ ձեռնարկել Դատական իշխանության գործառնության խափանում թույլ չտալու, ինչպես նաև առկա իրավիճակի մասին ՀՀ գործընկեր պետությունների դեսպաններին, ՀՀ մասնակցությամբ միջազգային կազմակերպություններին իրազեկելու ուղղությամբ և այդ մասին հանդես գալ ուղերձով:

2) ՀՀ քաղաքական համակարգի և քաղաքացիական հասարակության ինստիտուտներին՝ հանդես գալ իրավիճակին համարժեք գնահատականով:

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչություններին՝ խստորեն դատապարտել ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը փաստացի դադարեցնելու՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի փորձը»:

Փաստաբան Գևորգ Գյոզալյան

«Ինքս միշտ գտել եմ, որ դատական իշխանության 80%-ին պետք է տուն ուղարկել, համապատասխանաբար գնահատականներս էլ են եղել սուր, բայց այն ինչ հայտարարել է վարչապետը վաղվա համար, ինձ մտահոգում է, անկեղծ մտահոգում է։ Տղերք, ախր այդպես չեն անում, ախր դա նիհիլիզմի անմիջական հաստատումն է։ Կրկին հիշեցի Անատոլ Ֆրանցի՝ «Աստվածները ծարավի են» վեպը։ Ախր, եթե դուք ունեք իշխանություն խնդիրները լուծելու իրավունքի սահմաններում, չշտապելով, համբերատար, ի վերջո ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ, ինչո՞ւ այսպես․․․»:

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Հայաստանը մտնում է չափազանց վտանգավոր փուլ: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում շրջափակել դատարանների շենքերը:

Իրավիճակը էքստրաօրդինար է: Այս իրավիճակին պետք է շատ արագ արձագանքեն նախագահ Արմեն Սարգսյանը (օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ապահովումը նախագահի Սահմանադրական պարտականությունն է) ԲԴԽ ղեկավարը, ԱԱԾ պետը, գլխավոր դատախազը, Ոստիկանապետը:

Այս իրավիճակում լռելը ծանր հետևանքների կարող է հանգեցնել: Վարչապետը, հենվելով լյումպեն զանգվածի վրա, որը չի կարող գիտակցել իր գործողությունների հետևանքները, ըստ էության փորձում է երկրում տապալել Սահմանադրական կարգը:

Վաղը արդեն կարող է ուշ լինել: Վարչապետի հայտարարությանը պետք է արձագանքել շատ արագ և ամենաբարձր մակարդակներով: Պետք է արձագանքեն քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքի պաշտպանը, իրավապաշտպան կազմակերպությունները, մտավորականները բոլոր նրանք, ովքեր գիտակցում են պահի լրջությունը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ