Քաղաքականություն

Քաղաքական պատվերի մասին յուրաքանչյուր խոսք տապալման ենթակա է․ Ալեն Սիմոնյան

Այսօր ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել է, որ իշխանություններին չի անհանգստացնում, որ վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխարինեց 2 մլրդ դրամ գրավով և նա արդեն ազատ է արձակվել:

«Ոչ չի անհանգստացնում, ինչի՞ պետք է անհանգստացնի: Անհանգստացնում է մարդկանց զայրույթը և այն ընկալում, որ ինչ-որ մեկին բռնել եք, բաց եք թողնում»,- նշել է փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակը ընդգծել է, որ իրենք դատարանի վճիռների մասին իմանում են բոլորի հետ միասին, երբ դրանք հրապարակային են դառնում: Իրենք ոչ մեկին չեն բռնում և բաց չեն թսղնում: Դա քաղաքական որոշում չի եղել և չէր կարող լինել: Իրավական պրոցեսը շարունակվում է, էլի են եղել դեպքեր, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ են արձակել, հետո խափանման միջոցը փոխվել է։

«Քաղաքական պատվերի մասին յուրաքանչյուր խոսք տապալման ենթակա է, որովհետև եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն Ռոբերտ Քոչարյանին հիմա պետք է բաց չթողնեին»,- հավելել է Ալեն Սիմոնյանը։

Այն դիտարկամանը, թե հանրության մեջ կա դժգոհություն, որ խոստացված վեթինգը, բարեփոխումները այդպես էլ չարվեցին, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Վեթինգը ոչ միայն իր մեջ պարունակում է այն, ինչ ուղիղ իմաստով խոսվում է, այլև տարբեր գործընթացներ, որը տեղի է ունենում, բազմաթիվ դատավորներ, բազմաթիվ փոփոխություններ տեղի են ունենում: Ուղղակի քանի որ լրատվական դաշտը միտումնավոր կամ ոչ միտումնավոր դրան վրա ուշադրություն չի դարձնում, որևէ բացասական բան ստեղծելու և շրջանառության մեջ դնելու փնտրտուքի մեջ է հաճախ դա հայտնի չի դառնում: Բոլոր հարցերը՝ լինի վեթինգը, լինի ստեղծված իրավիճակը, քայլ առ քայլ լուծվում են և լուծվելու են»,- հավելել է Ալեն Սիմոնյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ