Քաղաքականապես որևէ կարևորություն չունեն այս բանավեճերը, որովհետև այնտեղ բովանդակություն ուղղակի չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջև հեռակա բանավեճին:
Դիտարկմանը, թե ըստ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վանեցյանը միջնորդել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և իշխանությունների համագործակցության համար, և ի՞նչ շահ ուներ և ինչո՞ւ պետք է նման քայլի դիմեր, փոխվարչապետը նշեց, որ կդժվարանա մեկնաբանել՝ պարոն Վանեցյանի շահերը որտեղ են եղել։
«Բայց կարծում եմ՝ պարոն Սիմոնյանը բավականին մանրամասնորեն անդրադարձել է իր հարցազրույցում այդ հարցին»,-նշեց նա։
Հարցին՝ ի վերջո Վանեցյանը պետական հեղաշրջման փորձին մասնակցե՞լ է, Ավինյանն ասաց․ «Ես կդժվարանամ նման գնահատականներ տալ, բայց այն փաստը, որ պարոն Վանեցյանն այլևս ԱԱԾ տնօրենը չէ, ինքն իրենով բավականին խոսուն է»: