fbpx
Հասարակություն

Քաղցկեղը մի դրական բան էլ ունի. քաղցկեղը մեզ միավորել է․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ ապրիլի 3-ի երեկոյան Վաշինգտոնում ներկա է եղել «City of smile Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնած բարեգործական գալա-ընթրիքին: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից:

Միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 250-ը. նրանց թվում են՝ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոթ Ռոթենշթեյնը տիկնոջ՝ Լիզա Բարսումյան-Ռոթենշթեյնի հետ, բարեգործական ընթրիքներին իր ակտիվ մասնակցությամբ հայտնի Աննա Թոթայը, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, աշխարհահռչակ ուռուցքաբան Սամիր Խլեյֆը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանը, Վաշինգտոնում հայտնի այլ բժշկներ, մտավորականներ և հասարակական գործիչներ:

Գալա-ընթրիքը մեկնարկել է ՀՀ և ԱՄՆ օրհներգերով: Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը և միջոցառման կազմակերպիչ Վահագն Մարտիրոսյանը: Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն (ԱՄՆ Արևելյան թեմ) էլ սրբազան աղոթքով օրհնել է միջոցառումը ու շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին, որ հնարավորություն են ընձեռում, որ բազմաթիվ մարդիկ բարեգործության մասնակից դառնան:

Ընթրիքին Ելույթով հանդես է եկել նաև միջոցառման պատվավոր հյուր Աննա Հակոբյանը: Ողջունելով քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության համար կազմակերպված բարեգործական միջոցառումը` վարչապետի տիկինը շեշտել է, որ հանդիպման նպատակը մեկն է՝ օգնելու երեխաներին, ովքեր այս պահին պայքարում են քաղցկեղին դեմ:

«Մենք այստեղ ենք, որպեսզի կանգնենք նրանց թիկունքին և աջակցենք նրանց այդ դժվար ճանապարհին: Դուք երբևէ տեսե˚լ եք երեխայի, որ հաղթահարել է քաղցկեղը: Նրանք աշխարհի ամենաուժեղ մարդիկ են: Նրանց փոքրիկ մարմիններն այնքան մեծ ուժ և այնքան շատ էներգիա ունեն: Նրանք այնքան գեղեցիկ և այնքան խորն են ժպտում: Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե ի˚նչ է անում «Ժպիտների քաղաք» հիմնադրամը, ես պատասխանում եմ, որ «Ժպիտների քաղաք»-ը քաղցկեղով հիվանդ երեխաներին ու երիտասարդներին ժպիտն է վերադարձում, վերադարձնում է ժպիտը նրանց ընտանիքներին և նրանց օջախներին:

Քաղցկեղը լոկ հիվանդություն է, մենք այն չպետք է ընկալենք իբրև դատավճիռ, մենք պետք է հաղթահարենք քաղցկեղը: Գուցե մի փոքր տարօրինակ հնչի այն, ինչ ես պետք է ասեմ, բայց քաղցկեղը մի դրական բան էլ ունի. քաղցկեղը մեզ միավորել է: Երբ մենք տեսնում ենք քաղցկեղով հիվանդ երեխայի, անկախ նրանից՝ կրոնական և ազգային ինչ պատկանելություն ունի, մենք ցանկանում ենք օգնության ձեռք մեկնել, մեր աջակցությունը ցուցաբերել: Այդ բազմաթիվ պահերին մենք միավորվում ենք: Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդության 9000 դեպք և նրանցից հարյուրը՝ երեխաներ: Մինչ մենք այստեղ խոսում ենք, Հայաստանում ևս մեկ երեխայի մոտ քաղցկեղ են կանխորոշում:

Նա գուցե ինչ-որ մեկի մայրն է, քույրը կամ զավակը, ինչ-որ մեկի հայրը, եղբայրը, պապիկը կամ տատիկը, ընկերը կամ նոր ամուսնացած դուստրը: Նրանք բոլորը մենք ենք: Եվ դա մեր պատասխանատվությունն է, մեր պարտքն է կանգնել է նրանց կողքին, կանգնել մեր ընկերների կողքին և թույլ չտալ նրանց մահանալ: Եվ հենց դա է պատճառը, թե ինչու ենք մենք բոլորս այստեղ, և դա է պատճառը, թե ինչու է «Ժպիտների քաղաքը» այստեղ: Մենք այստեղ ենք ինչ-որ մեկի կյանքը փոխելու համար»,- ասել է Աննա Հակոբյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ