fbpx
Կրթություն

Քայլեր` աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի զարգացման ուղղությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն այսօր ներկա են գտնվել «Համագործակցության խթանում՝ հանուն մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորություններ» ծրագրի մեկնարկին:

Ողջույնի խոսքում նախարարը նշել է, որ միջին մասնագիտական կրթության ոլորտի բարելավումը կարևոր է աշխատաշուկայի զարգացման և պահանջարկի բավարարման տեսակետից: «Վերջին տարիներին մեծանում է հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ: Մենք աշխատանքներ ենք տանում, որ հետաքրքրության մեծացմանը զուգահեռ նաև բարելավվի կրթության որակը»,- նշել է Ա.Հարությունյանը` հավելելով, որ ԿԳՄՍ նախարարությունը ՄԿՈՒ ոլորտի կրթության որակի բարելավման նպատակով համագործակցում է Եվրոպական միության և միջազգային մի շարք այլ կազմակերպությունների հետ:

Նախարարի խոսքով` կառավարության բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում կատարվում են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ: Նա նաև նշել է, որ ոլորտի զարգացման կարևոր նախադրյալներից մեկն աշխատաշուկայի ուսումնասիրությունն ու վերլուծությունն է. «Մենք պետք է ունենանք կանխատեսումներ, թե միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ինչպիսի տեսք է ունենալու աշխատաշուկան, որպեսզի իներցիայով չթողարկենք այնպիսի մասնագետներ, որոնք 4 տարի անց, ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, աշխատաշուկայում պահանջարկ չեն ունենալու»,- նշել է Ա.Հարությունյանը: Տնտեսվարողների հետ համագործակցությունը, նախարարի ընդգծմամբ, այս գործում հաջողության հասնելու հիմնական ճանապարհն է, և նախարարությունը արդյունավետ է համարում աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը:

ԵՄ պատվիրակության ղակավար տիկին Անդրեա Վիկտորինի խոսքով` երիտասարդության ներուժի բացահայտումն ու զարգացումը Եվրամիության հիմնական նպատակներից է. «Եվրոպական միությունը և Հայաստանի կառավարությունը միասին աշխատում են երիտասարդների համար ստեղծել հնարավորություններ` սովորելու, աշխատելու և գնալու երազանքների հետևից: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում երիտասարդները բախվում են մի շարք խնդիրների, որոնցից մեկն էլ գործազրկությունն է»,-արձանագրել է դեսպանը` մեջբերելով Համաշխարհային բանկի տվյալը, որի համաձայն Հայաստանի երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը 36,7 տոկոս է: Ա. Վիկտորինի խոսքով` կրթության համակարգում սովորողին տրվող հմտությունների համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին Հայաստանում ԵՄ գործունեության ուղենիշերից է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի տեղեկացմամբ` ԵՄ աջակցությամբ գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացման ուղղությամբ մի շարք աշխատանքներ են կատարվել: «Համագործակցելով ԿԳՄՍ նախարարության հետ` վերանայվել են «Անասնաբուժություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունների կրթական չափորոշիչները և մոդուլային ծրագրերը, մշակվել են 2 մասնագիտությունների ուսումնական ձեռնարկներ, կատարվել է դասախոսների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների վերապատրաստում, հիմնվել է կաթի վերամշակման 2 լաբորատորիա »,-տեղեկացրել է նա:

Նշենք, որ «Համագործակցության խթանում՝ հանուն Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորություններ» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ