Կառավարություն
19:30 19/08/2021

Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

Օգոստոսի 19-ին Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային։

«Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա մի շարք ուղղություններով համագործակցությունը և ընդգծել, որ այն զարգացնելու դեռևս չիրացված հնարավորություններ կան։

Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ Մարիանո Վերգարան նշել է, որ հայկական ապրանքների նկատմամբ Արգենտինայում մեծ հետաքրքրություն և սպառում կա։ Այս համատեքստում դեսպանն առաջարկել է հայկական ընկերություններին, հաջողված փորձի օրինակով, դիտարկել արգենտինական շուկայում իրենց ներկայացվածությունը։

Նախարարը առաջարկել է արգենտինացի գործարարներին գործունեություն ծավալել Հայաստանում․ այս համատեքստում նա կարևորել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ նշելով, որ Հայաստանը շահավետ պայմաններ կարող է առաջարկել արգենտինական ընկերություններին, որոնք կկարողանան իրենց պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ և այլ երկրներ արտահանելու։

Նախարարը նաև կարևորել է համագործակցությունը երկու երկրների երիտասարդների միջև փոխանակման ծրագրերի իրականացման, սպորտի, պարերի և այլ բնագավառներում, որոնք էլ ավելի կամրացնեն երկու երկրների կապը՝ միաժամանակ նպաստելով նաև զբոսաշրջության զարգացմանը։

Կողմերը համակարծիք են եղել, որ Արգենտինայի և Հայաստանի միջև կա մեծ ներուժ առևտրատնտեսական կապերի խորացման և ամրապնդման, երկու երկրների գործարար համայնքների միջև կապերը ակտիվացնելու համար և քննարկել տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Դեսպանը նշել է, որ Արգենտինան մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և ավելացրել, որ այս ոլորտում փորձի փոխանակման և լուրջ համագործակցության լայն հնարավորություններ կան։

Հանդիպման ընթացքում դեսպան Վերգարան տեղեկացրել է, որ սեպտեմբերին նախատեսում են Հայաստանում բացել Արգենտինայի առևտրաարդյունաբերական պալատ, որը ևս մեկ խթան կդառնա հայ-արգենտինական տնտեսական կապերի ակտիվացման համար։

Նախարարը ողջունել է Հայաստանում Արգենտինայի առևտրաարդյունաբերական պալատ ունենալու գաղափարը և պատրաստակամություն հայտնել աջակցելու վերջինիս արդյունավետ գործունեության ապահովմանը։ Վահան Քերոբյանը համաձայնվել է ներկա գտնվել պալատի բացմանը և առաջարկել միջոցառմանը հրավիրել նաև հայ գործարարների՝ երկկողմ համագործակցության հիմքեր դնելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ