fbpx
Քաղաքականություն

Փաշինյանն ամերիկացի համանախագահի հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

«Վարչապետը կարևորել է ԱՄՆ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել Էնդրյու Շոֆերի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները:

Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում։

Անդրադարձ է կատարվել հումանիտար խնդիրներին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու հնարավորությանը: Այս առումով, ՀՀ վարչապետը շեշտել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Շոֆերն այսօր հանդիպում է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Այս մասին մեզ տեղեկացնում են ԱԽ գրասենյակի մամուլի ծառայությունից։

«Ապրիլի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին:

Հանդիպման ընթացքում Ա. Գրիգորյանը ներկայացրել է վերջերս ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Քարտուղարը նաև վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար: Համանախագահ Էնդրյու Շոֆերն ընգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած մանդատին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգային հարցերի շուրջ», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ