fbpx
Կառավարություն

Քննարկել ենք ռազմական դրություն մտցնելու նպատակահարմությունը. Փաշինյան

Մենք պետք է արձանագրենք, որ իրադրությունը մնում է լարված, և Անվտանգության խորհրդի ֆորմատով քննարկել ենք Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմությունը և անհրաժեշտությունը և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին նման որոշման պետք է չգնանք: Այդ մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց, մյուս կողմից՝ մենք նաև բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում, ովքեր ասում են, որ ռազմական դրությանն էինք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ԱԽ նիստում դա էլ է քննարկվել, և եկել են այն եզրակացության, որ եթե կան մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել այս փուլում, նրանք կարող են սովորական ընթացակարգով, կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ, և այդ խնդիրը կլուծվի:

«Նախկինում կայացրած որոշումների շրջանակներում եռամսյա հավաքների գործընթացը շարունակական է, ուժի մեջ է, և կան բոլոր օրենսդրական հիմքերը՝ որոշումները՝ կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավելու ծառայության մեջ»,- ասաց վարչապետը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ թե՛ Աշխարհազորի մասին օրենքը, թե՛ եռամսյա հավաքների մասին Կառավարության ընդունած որոշումները և «Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածն այդ հնարավորությունները տալիս են, և բոլոր այն քաղաքացիները, ովքեր այսօր ուզում են կամավորության հիմունքներով զինվորագրվել, անհրաժեշտության դեպքում նրանց կիրառելիությունը հետո ապահովելու համար զինկոմիսարիատները պատրաստ են նրանց ընդունելու, հետո տեղորոշելու ըստ վայրերի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ