fbpx
Խորհրդարան

ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն. Ալեն Սիմոնյան

Արցախին վերաբերող բոլոր հարցերը նախևառաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Որոշում կայացնելիս նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանությունների կարծիքին»,- ասաց Սիմոնյանը:

Պատասխանելով ստորագրվելիք հնարավոր փաստաթղթի վերաբերյալ հարցին՝ Սիմոնյանը պատասխանեց.

«Գոյություն չունի նման փաստաթուղթ, գոյություն չունի օրինակ, որի մասին ես կարող եմ խոսել: Միևնույն ժամանակ, եկեք մի բան ֆիքսենք. ՀՀ-ն երբևէ տարածքային պահանջներ չի ունեցել իր հարևան երկրներից: Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին է: Չեմ կարծում, որ «Արցախ» բառը պետք է և կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ»:

Լրագրողների դիտարկումներին՝ արդյոք Ռուսաստանը ցանկանո՞ւմ է, որ Հայաստանը դառնա Միութենական պետության կամ Ռուսաստանի մաս, Սիմոնյանը պատասխանեց, որ նման խոսակցություն չկա, իր համար չի էլ կարող լինել:

«Հայաստանի անկախությունը և Հայաստանի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն»,- ընդգծեց Սիմոնյանը:

Սիմոնյանը բացառեց, որ նման խոսակցություն կարող է լինել, իսկ ինքը չիմանա:

ԱԺ նախագահն անդրադարձավ նաև հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից:

«Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից, որովհետև եթե այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ իմ կարծիքին, որ մենք պետք է շատ երկար մտածենք և հասկանանք: Բայց, միևնույն ժամանակ, սա խաղ ու պար չէ, որ մենք կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու՝ հետո ինչ ենք անելու, և ինչ է դրան հետևելու»,- ասաց ԱԺ նախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ