fbpx
Իրավական

Քննարկվել է դատապարտված անձանց կրթության իրավունքի իրացումն ապահովող նախաձեռնությունը

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա 300 դատապարտյալ: Վերջիններս չունեն 9-րդ կամ 12-րդ դասարանի ատեստատներ. ԱԺ նիստին բարձրաձայնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և հավելեց, որ մեր երկրում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը:

Փոխնախարարի խոսքով՝ չունենալով համապատասխան կրթական ցենզ՝ անձը չի կարող ունենալ աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանք:

Ուստի, «Կրթության մասին» օրենքում լրացմամբ Կառավարությունն առաջարկում է 19 տարվա տարիքային սահմանափակումը չտարածել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող այն դատապարտյալների վրա, որոնց կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին պատժից ազատման ժամկետի լրանալուն մնացել է 1 տարուց ավելի: Դատապարտյալներն իրենց ցանկությամբ կարող են իրացնել կրթության իրավունքը` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ըստ Արփինե Սարգսյանի՝ մշակվելու են թիրախավորված, անհատական ուսումնական պլաններ: «Այս պահի դրությամբ շուրջ 100 դատապարտյալ գործընթացին մասնակցելու ցանկություն է հայտնել»,- ընդգծել է զեկուցողը և հույս հայտնել, որ նրանց թիվը կավելանա:

Օրենքի ուժի մեջ կմտնի 2022 թ. օգոստոսի 1-ից:

Գլխադասային՝ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն. այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ նախաձեռնությունը միտված է դատապարտված անձանց կրթության իրավունքի իրացմանը:

Պատգամավորները ողջունել են նախաձեռնությունը, կարևորել դատապարտյալների կրթության հարցը, ինչպես նաև համապատասխան հաստատություններում ուսուցողական գրքերի առկայությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ