fbpx
Քաղաքականություն

Քննարկվել են հայ-իսպանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Սոս Ավետիսյանը մայիսի 7-ին հանդիպել են Իսպանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ֆերնանդո Վալենսուելայի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահը խոսել է հայ-իսպանական բարիդրացիական հարաբերությունների մասին, կարևորել երկու պետությունների միջխորհրդարանական կապերի զարգացումը: Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում փոխգործակցությանը:

Խոսելով ԵՄ անդամ երկրների կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի մասին` Ֆերնանդո Վալենսուելան վստահեցրել է, որ Իսպանիայի կողմից փաստաթուղթը ևս շուտով կվավերացվի:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը` հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները, խոսել Արցախի` որպես բանակցային կողմ ներգրավվելու անհրաժեշտության մասին:

Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությանը` ընդգծելով, որ Իսպանիան այն դեռևս չի ճանաչել:

Որպես ԵՄ անդամ երկրի ներկայացուցիչ` Իսպանիայի ԱԳՆ պետքարտուղարն արտահայտվել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցի շուրջ երկխոսության գործընթացի մեկնարկի օգտին:

Հայ խորհրդարանականները խոսել են մի շարք ոլորտներում հայ-իսպանական համագործակցության հնարավորություններից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ