fbpx
Տնտեսություն
22:20 05/12/2019

Քննարկվել են Հայաստանի ու Ղրղզստանի կամավոր Ազգային զեկույցների պատրաստման հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավթանդիլ Ալիբաևի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ղրղզստանի ազգային վիճակագրական կոմիտեի փոխնախագահը, երկրի նախագահի գրասենյակի, կառավարության աշխատակազմի և Ղրղզստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցները։

Ղրղզստանի պատվիրակությունը Երևան է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված և դեկտեմբերի 2-ից 5-ն ընթացող աշխատաժողովին, որը նվիրված է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին և կամավոր Ազգային զեկույց ներկայացնելու գործընթացին և նախատեսված է Հայաստանի ու Ղրղզստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների համար։

Ավթանդիլ Ալիբաևը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ պատվիրակությունը ցանկանում է ծանոթանալ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործման և կամավոր Ազգային զեկույցի պատրաստման գործընթացում Հայաստանի փորձին և ներկայացնել իրենցը։ Ղրղզստանի էկոնոմիկայի փոխնախարարը հույս է հայտնել, որ հանդիպումը երկուստեք օգտակար և արդյունավետ կլինի։

Ավագ Ավանեսյանը հյուրերին ծանոթացրել է նշված ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքներին, գործընթացի համակարգման կառուցվածքին, էկոնոմիկայի նախարարության գործողություններին։ Այնուհետև նա պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են գերակայությունների ընտրությանը, մոնիտորինգի իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, գործարար համայնքի և հասարակության տարբեր շերտերի հետ փոխգործակցությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ և պայմանավորվել շարունակել փոխգործակցությունը՝ տեղեկատվություն փոխանակելով գործընթացի մասին և կիսվելով հաջողված փորձով։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ