fbpx
Խորհրդարան

Քննարկվել են խորհրդարանական բյուջետային վերահսկողության ընթացիկ շեշտադրումները

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ու ԳՄՀԸ (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը համատեղ ապրիլի 11-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կազմակերպել էին քննարկում «Հայկական ֆինանսական երկխոսություն. խորհրդարանական բյուջետային վերահսկողության ընթացիկ շեշտադրումները» թեմայով:

Մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, խորհրդարանի աշխատակազմի փորձագետներ, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ հաշվեքննիչ պալատի, քաղհասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ԳՄՀԸ ՀՖԿ ծրագրի խորհրդական Հովհաննես Մարգարյանցը նշել է, որ միջոցառումը նպատակ ունի նպաստելու շահագրգիռ բոլոր կողմերի համար հանրային ֆինանսների կառավարման բնագավառում իրագործվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկմանը:

ԳՄՀԸ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի տարածաշրջանային ղեկավար Յենս Պետերսեն-Թումզերը ողջույնի խոսքում կարևորել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ գործակցությունը: Համատեղ իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք նպաստել են հանրային ֆինանսների կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը նշել է, որ բյուջետային գործընթացում օրենսդրի արդյունավետ մասնակցությունը ստեղծում է հակակշիռներ և զսպումներ, որոնք առանցքային նշանակություն ունեն թափանցիկ ու հաշվետու կառավարության համար, ապահովում են հանրային ծառայությունների արդյունավետ իրականացումը: Ըստ բանախոսի` խորհրդարանական երկրի բյուջետային վերահսկողության գործիքակազմը պետք է լիարժեքորեն ապահովի բյուջեի նկատմամբ Ազգային ժողովի վերահսկողական լիազորությունների իրացումը: Մշտական հանձնաժողովի նախագահը կարևորել է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը և գոհունակություն հայտնել GIZ-ին համագործակցության համար:

Հանրային ֆինանսների կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության կարևորության մասին է խոսել ՀՀ ֆինանսների նախարարության հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության պետի տեղակալ Էդգար Մկրտչյանը: Նա տեղեկացրել է, որ այս տարի առաջին անգամ հաջորդ տարվա պետական բյուջեի նախնական տարբերակը հուլիս-օգոստոս ամիսներին կքննարկվի խորհրդարանի մշտական հանձնաժողովներում: Բանախոսը կարևոր է համարել ռազմավարական պլանավորման համակարգի մասնագետների կարողությունների և հմտությունների զարգացումը:

ՀՀ Հաշվեքննիչ պալատի մոնիթորինգի, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը արժևորել է խորհրդարանին ու հանրությանը հանրային ֆինանսների կառավարման վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տրամադրումը: Նա խոսել է նաև պաշտոնական տեղեկատվության հասանելիության խնդիրներից:

ՀՀ ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Հրայր Զորյանն անդրադարձել է կառավարական կառույցների գործունեության թափանցիկությանը, հանրության հետ կապերին, ներկայացրել այն գործիքակազմը, որով ապահովվում է Ազգային ժողովի աշխատանքների բացությունը, տեղեկությունների հասանելիությունը, հաշվետվողականությունը, օրենսդրական գործունեության հրապարակայնությունը, կապը լրատվամիջոցների հետ:

Այնուհետ քննարկումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ