fbpx
Իրավական

«ՔՈ»-ի հաղորդման հիման վրա Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում

Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացիական որոշում» կուսակցության հաղորդման հիման վրա շարունակվում է նյութերի նախապատրաստումը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ իրենք հաղորդումը ստացել են մայիսի 3-ին։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացուներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։

Մայիսի 2-ին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ կուսակցության հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն. «Ստուգողական գործողություններ կկատարվեն և դրանց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական», – ասել էր նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ