fbpx
Իրավական

Քոչարյանի պաշտպանական թիմը գրավոր դիմում կներկայացնի ՄԻՊ-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը գրավոր դիմում կներկայացնի Մարդու իրավունքների պաշտպանին: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«ՄԻՊ-ին կդիմենք արդեն գրավոր, մինչեւ էդ մամուլի միջոցով դիմել ենք, բայց հիմա արդեն գրավոր կդիմենք»,-ասաց նա:

Հարցին, թե բավարար չէ՞ր արդյոք բանավոր դիմելը, Ալումյանը պատասխանեց, որ ՄԻՊ-ը իրենց որոշ փաստարկներ ցանկացել է ավելի մանրամասն իմանալ:

«Գիտեք՝ օրենքն արգելում է ՄԻՊ-ին միջամտել դատական վարույթներին, եւ այստեղ նուրբ սահմնագիծ կարող է լինել՝ արդյոք ՄԻՊ-ը քննի՞ մեր բողոքն առ այն, որ մեր միջնորդությունը չի քննում դատարանը, արդյոք դա իր հերթին կդիտվի՞ միջամտություն դատական վարույթին, եւ հենց այստեղ է, որ ՄԻՊ-ն ուզում է մեր տեսակետը հստակ իմանա եւ ինքը որոշի՝ առանց օրենքը խախտելու քայլեր ձեռնարկել կամ ձեռնպահ մնալ քայլեր ձեռնարկելուց»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով` ՍԴ-ի կողմից Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ին դիմելը նոր ընթացակարգ է:

«Եվրոպական դատարանի առաջ խնդիր չի դրվում որոշել՝ արդյոք ինչ-որ մեկին պետք է կալանավորել կամ Սահմանադրության տեսանկյունից անձն անձեռնմխելի է, թե ոչ: Խնդիրն այն է, որ ՄԻԵԴ-ը մեկնաբանի Եվրոպական կոնվենցիայի դրույթները, որոնք պետք է կիրառվեն այդ գործում: ՄԻԵԴ-ի կողմից կայացվելիք ակտը խորհրդատվական բնույթ է կրելու, չի պարտադրվելու ՍԴ-ին, սակայն այն շատ հեղինակավոր կարծիք է: Ես չեմ պատկերացնում, որ ՄԻԵԴ-ի կարծիքն այդ հարցի շուրջ չբավարարի որևիցե մեկին՝ լինի ՍԴ–ն, թե իշխանական այլ ճյուղերը»:

Ալումյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովին դիմելու նպատակը նորից խորհրդատվական բնույթի կարծիք ստանալն է:

«Ես կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր, քանի որ հետևողականորեն հեղինակազրկում են մեր դատական համակարգն ու դատարանների որոշումները: Եթե դատարանների նկատմամբ բացասական վերաբերմունք է ձևավորվում, ապա դատական համակարգի կողմից կայացված դատական ակտերը հասարակության համար հեղինավոր չեն կարող լինել: Կարծում եմ՝ ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին դիմելը գուցե ապագայում մեր դատական համակարգի կայացրած որոշումները գոնե մեր հանրության մոտ կդարձնի ավելի հեղինակավոր»,- հավելեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ