fbpx
Իրավական
13:30 15/11/2019

Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին

Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, պաշտպան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կարգապահական խախտում թույլ տալու վերաբերյալ՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ հարուցել։ Այս մասին հաղորդում է Pastinfo.am-ն։

Հիշեցնենք, որ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը 2 անգամ մերժել է Ռ. Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները՝ Քոչարյանին ազատ արձակելու հետ կապված։

Ըստ պաշտպան Ա․ Վարդևանյանի՝ դատավոր Ա․ Դանիելյանն այս որոշումները կայացրել է նյութական ու դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, խախտվել է ՄԻԵԴ Կոնվենցիայով ամրագրված մարդու արդար դատաքննության իրավունքը։ Նիստը նախագահող դատավորը պարբերաբար թույլ չի տվել պաշտպանական կողմին ներկայացնել իր դիրքորոշումը, զրկել իրենց խոսքի իրավունքից, ինչն աննախադեպ է դատական պրակտիկայում, հատկապես կալանքի հարցի քննության շրջանակներում։

Ռ․ Քոչարյանի պաշտպանը արդարադատության նախարարի ուշադրությունն է հրավիրել նաև դատավոր Ա․ Դանիելյանի կանխակալ վերաբերմունքի վրա։

Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ամենքից շատ է շահագրգռված արդար դատով և նշել էր պոտենցիալ ազդեցության օբյեկտի բացակայությունը: «10 տարի անց ես չեմ կարող փոխել ԱԴ հայտարարելու մասին իմ հրամանը: Սա փաստ է, որից ես չեմ հրաժարվում: Հանդիպման փաստը նույնպես փաստ է: Չկա դրդապատճառ, չկա ներգործության սուբյեկտ: Այստեղ նստած մարդիկ իրենց թույլ չեն տա խնդրանքով դիմել որևէ մեկին, որը կվիրավորի նրանց արժանապատվությունը: Ես ամոթից կմեռնեի, եթե ստիպված լինեի որևէ մեկին խնդրել ռետուշավորել իր ցուցմունքները: Ֆեմիդայի կշեռքը ձեր ձեռքին է»,- հայտարարել էր Քոչարյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ