Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է: Որոշումը կայացրել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ԼիլիթՍարգսյանը:
Պատճառն այն է, որ հայցվոր կողմը հրաժարվել է հայցադիմումից:
Դատարանը միաժամանակ որոշել է Ռոբերտ Քոչարյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի բռնագանձել 200 հազար ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Նշենք, որ որոշումը հրապարակային չի եղել. ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17 հոդվածի 7-րդ մասի՝ Դատարանի` եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաեւ այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով: (Խոսքը դատական տեղեկատվական համակարգի մասին է,-հեղ.):
Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել էր դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը ըստ հայցվոր կողմի՝ վերաբերել է նաեւ Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի հեռախոսազրույցի վերաբերյալ: Ուժային կառույցի ղեկավարների զրույցը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին:
Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետեւյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: