fbpx
Իրավական

Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործը վարույթ չի ընդունվել

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Նաիրա Մարգարյանի նախագահությամբ, դատավորներ Անի Մխիթարյանի և Արսեն Մկրտչյանի մասնակցությամբ, սեպտեմբերի 9-ի որոշմամբ վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից ներկայացված բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական-տեղեկատվական համակարգից։

Հունիսի 24-ի որոշման դեմ բերված բողոքի ընդունումը մերժվել է բողոքարկման դատավարական ժամկետները բաց թողնելու հիմքով։

Ըստ դատական-տեղեկատվական համակարգի՝ ներկայացված վերաքննիչ բողոքում բողոքաբերի ներկայացուցիչը միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել այն՝ պատճառաբանելով, որ դատարանի՝ հունիսի 24-ի որոշումը ստացել է հուլիսի 1-ին։

Դատարանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում՝ միաժամանակ նշելով, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ պարագայում դատարանի հունիսի 24-ի որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է հենց հունիսի 24-ին, այսինքն՝ որոշումը հայցվոր կողմին հասանելի է դարձել դատական ակտի հրապարակման օրը, այնինչ՝ վերաքննիչ բողոքը ներկայացվել է օգոստոսի 1-ին, այսինքն՝ բողոքարկման մեկամսյա ժամկետը լրանալուց հետո: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ բացի հայտարարված օրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու հանգամանքից, դատական ակտի օրինակը հունիսի 24-ին՝ դատական ակտի հրապարակման օրը, ուղարկվել է Բողոքաբերի ներկայացուցչին։

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ չեն պահպանվել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետները՝ Դատարանը որոշել է մերժել Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ։ Միաժամանակ մերժվել է հիշյալ քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 24-ի որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի անունից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը։

Նշենք, որ սույն որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` հրապարակման պահից տասնհինգօրյա ժամկետում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ