fbpx
Քաղաքականություն

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչը դատի է տվել ԿԸՀ-ին. ՀԺ

Հայկական Ժամանակի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է հունիսի 21-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին: Այն արդեն վարույթ է ընդունվել:

ՔՊ կուսակցության լիազոր ներկայացուցիչը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 19.06.2021 թվականի թիվ 160-Ա որոշումը:

Տվյալ որոշմամբ ԿԸՀ-ն բավարարել էր «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը եւ նախազգուշացում էր կիրառել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Իսկ «Պատիվ ունեմ»-ը դիմումում նշել էր, որ հունիսի 19-ին՝ լռության օրը, Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով ընտրական գործընթացի մասին խոսելը քարոզության կարգի խախտում են դիտարկում, ինչն էլ բավարարվել էր:

Տիգրան Նաղդալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ դիմել են դատարան նախազգուշացումը վերացնելու համար:

Հարցին՝ ինչ-որ հետեւանք ունի՞ այդ նախազգուշացումը, նա պատասխանեց. «Ըստ էության, որեւէ իրավական հետեւանք չի առաջացնում ընտրության տեսանկյունից, ուղղակի նախազգուշացում է կիրառվել, դա ենք վիճարկել, քանի որ կարծում ենք նախընտրական քարոզչության խախտում չի եղել»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ