fbpx
Խորհրդարան

ՔՊ-ից որևէ մեկը չպետք է ընդգրկվի նոր ձևավորվող բուհերի կառավարման խորհուրդներում. Էդմոն Մարուքյան

«Վարչապետը ճիշտ է ասում, որ բուհերը պետք է ազատել քաղաքականացվելուց: Պետք է ուշադիր լինենք, որ ՔՊ-ից որևէ մեկը չընդգրկվի նոր ձևավորվող բուհերի կառավարման խորհուրդներում: Մինչդեռ ես տվյալներ ունեմ, որ կառավարման խորհուրդներ կան, որտեղ իշխող ուժից մարդիկ կան ներգրավված, մենք պետք է դա բացառենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ուսանողի դեմ դուռ փակած ռեկտորը նոր Հայաստանում անելիք չունի:

Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ իրենց ունեցած տվյալների համաձայն, այն բուհերում, որտեղ ռեկտոր է փոխվել, կառավարման խորհրդում «Իմ քայլը» դաշինքից կամ ՔՊ կուսակցությունից ներկայացուցիչներ արդեն կան:

Էդմոն Մարուքյանը նախ նշեց, որ ինչպես ինքն է հասկացել՝ խոսքը ԵՊՀ ռեկտորի մասին է.

«Բայց մեխանիզմը չգիտեմ` որն է, վարչապետը արել է քաղաքական հայտարարություն, դրանից կարող է բուհի ռեկտորը իր մեղքը զգա, հիշի, որ նման բաներ է արել և հրաժարական տա, կարող է և չտա: Որ չտա, ես չգիտեմ, թե ինչ մեխանիզմով է հնարավոր զսպել, ճնշել, իսկ ցանկացած միջամտություն կլինի անօրինական: Պետք է նաև սա հաշվի առնել»,- ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ այն մարդիկ, ովքեր խախտել են ուսանողների իրավունքները, բուհի կարգն ու կանոնը, չպետք է ռեկտոր աշխատեն:

Էդմոն Մարուքյանն ասել է, որ եթե տեսնեն, որ որևէ մեկի իրավունքները ոտնահարվում են, հանդես կգան նրա պաշտպանությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ