fbpx
Իրավական

Աղվան Հովսեփյանին վերաբերող քրգործն ուղարկվել է դատարան

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ավարտվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Քրեական գործն ուղարկվել է դատարան, միջոցներ են ձեռնարկվել Բյուրականում ապօրինի օտարված հողամասերը համայնքին վերադարձնելու ուղղությամբ:

Նշված քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Աղվան Հովսեփյանին վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով), 310-րդ հոդվածով (3 դրվագ) (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը)և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հինգ դրվագ) (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացում՝ խոշոր չափերով /փողերի լվացում/):

Մեղադրական եզրակացությունը կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ վարույթն իրականացնող մարմինը հայտարարել էր նախաքննության ավարտ և քրեական գործի նյութերը ծանոթացման նպատակով տրամադրել մեղադրյալներին և նրանց պաշտպաններին:

2021թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգման նպատակով ստացվել էր քրեական գործը, որով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից քննիչին տրվել էր քրեական գործի լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ գրավոր ցուցում:

Ցուցումի կատարման արդյունքում հետագա նախաքննության ընթացքում գործով ձեռք են բերվել ինչպես Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները հիմնավորող, այնպես էլ առանձին մեղադրանքներում արդարացնող, որոշ արարքների իրավաբանական որակումը փոփոխելու համար հիմք հանդիսացող, ինչպես նաև նրա կողմից ևս մեկ այլ, նախկին մեղադրանքում չներառված, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ ապացույցներ:

Ըստ այդմ, գործով ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում վարույթն իրականացնող քննիչի 2022թ. ապրիլի 4-ի որոշմամբ Ա. Հովսեփյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցափորձ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խոշոր չափի յուրաղում կամ վատնում), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) (Փողերի լվացում խոշոր չափերով) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:

Մյուս մեղադրյալ Վ. Մարկոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել:

Նախաքննության ընթացքում կալանք է դրվել Ա.Հովսեփյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ կնոջ ու որդիների անվամբ գրանցված 6 տասնյակից ավելի անշարժ, շարժական գույքերի, դրամական միջոցների, ինչպես նաև Ա.Հովսեփյանի հետ փոխկապակցված թվով 15 ՍՊ ընկերությունների շարժական և անշարժ գույքերի, դրամական միջոցների և կանոնադրական կապիտալում առկա բաժնեմասերի վրա:

Կալանք է դրվել նաև Վ.Մարկոսյանի 800.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ, շարժական գույքերի և ֆինանսական (դրամական) միջոցների վրա:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում: 2022թ. ապրիլի 15-ին հսկող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ըստ էության քննելու համար գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Բացի այդ, վերոնշյալ քրեական գործով վարույթն իրականցնող մարմնի կողմից 2022թ. ապրիլի 1-ին որոշում է կայացվել ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավար Հ. Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Նշված որոշմամբ հաստատվել է, որ Բյուրական համայնքի ընդհանուր՝ 27.796 հա մակերեսով թվով 10 հողատարածքները ձևական աճուրդի միջոցով 2010թ. հոկտեմբերի 25-ին օտարվել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ապա՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանի որդուն՝ Ն. Հովսեփյանին: Նշված հողամասերի հետ կապված, ի թիվս այլնի, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավվել է նաև Ա. Հովսեփյանը:

Նկատի ունենալով, որ ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքին պատկանող հիշյալ հողատարածքները օտարվել են օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Մարտիրոսյանը գրություն է ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թ. Շահվերդյանին՝ իր իրավասության սահմաններում ձեռնարկելու գործող օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները՝ նշված հողատարածքները համայնքին վերադարձնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ