fbpx
Աշխարհ

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ՝ անգամ ռուս-ուկրաինական պատերազմից հետո. Յելեն

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել է նոր պատժամիջոցների մասին այն անձանց եւ ընկերությունների դեմ, որոնք ռազմական տեխնոլոգիաներ են մատակարարում Ռուսաստան, տեղեկացրել է Reuters-ը։

Ելույթ ունենալով Բալիում G20-ի գագաթաժողովի շրջանակում՝ Յելենն ասել է, որ միջոցներն ուղղվելու են 14 ֆիզիկական անձանց եւ 28 կազմակերպությունների դեմ։ Նա հրաժարվել է մանրամասներ նշել, բայց ասել է, որ ավելի հանգամանալից հայտարարություն կլինի երկուշաբթի ավելի ուշ։ «Սրանք մեր ավելի մասշտաբային ջանքերի մի մասն են՝ ուղղված Ռուսաստանի ռազմական գործողությունների խափանմանը»,- ասել է Յելենը լրագրողներին։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կշարունակի Ուկրաինային ցուցաբերել ֆինանսական եւ տնտեսական օգնություն։

Բայդենի վարչակազմը խնդրել է Կոնգրեսի հավանությունը՝ Ուկրաինային լրացուցիչ 4,5 մլրդ դոլարի չափով ոչ ռազմական օգնություն ցուցաբերելու համար՝ ի հավելումն անվտանգության ոլորտում ավելի քան 19 մլրդ դոլարի հատկացման։

Յելենը նաեւ ասել է, որ պատերազմի ավարտը ամենամեծ առաջնահերթությունն է համաշխարհային տնտեսության համար։ «Պատերազմը դադարեցնելը բարոյական հրամայական է եւ լավագույն բանը, ինչը մենք կարող ենք անել համաշխարհային տնտեսության համար»,- ասել է նա։

Վառելիքի եւ սննդամթերքների գները, որոնք կտրուկ բարձրացել են հակամարտության պատճառով, G20-ի առաջնորդների գագաթաժողովի օրակարգի ամենակարեւոր հարցերից են։ Գագաթաժողովն սկսվելու է երեքշաբթի։

Wall Street Journal-ի հարցազրույցում, որը Յելենը տվել է Բալիում, նա նշել է, որ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կարող են մեղմվել խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում, բայց որոշ միջոցներ, հավանաբար, պետք է մնան ուժի մեջ անգամ հակամարտության ավարտից հետո՝ «հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ