fbpx
Հասարակություն

Ռեստարտի անդամների և ոստիկանապետի հանդիպումը չի կայացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ռեստարտ» նախաձեռնության անդամների եւ ՀՀ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանի միջեւ հանդիպումը չի կայացել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, Facebook-յան լայվի միջոցով պատմեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը։

Նշենք, որ անդամներն այսօր առավոտից ակցիա էին կազմակերպել ՀՀ ոստիկանության շենքի դիմաց՝ պահանջելով Արման Սարգսյանի հետ հանդիպում։ Նրանք բողոքում էին, որ նոր Հայաստանում շարունակում են մնալ հին իրավապահ մարմինները՝ հին մտածողությամբ ու վարքագծով։

Դավիթ Պետրոսյանը պատմեց, որ իրենց թույլ չեն տվել քննարկումն անցկացնել ուղիղ եթերի միջոցով.

«Մեզ ասացին՝ դուք միացրեք ուղիղ եթերը, ասեք հանրությանը ձեր հարցադրումները, որոնք ուզում եք ներկայացնել, ինչից հետո հեռարձակումը կդադարեցվի, եւ մենք կշարունակենք քննարկումը։ Մեկ անգամ այդպես փորձեցինք, բայց, քննարկումը չսկսած, հասկացանք, որ սա մեր արշավի հռչակած սկզբունքներին չի համապատասխանում, ուստի հրաժարվեցինք հանդիպումից եւ դուրս եկանք»։

Նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանն էլ պատմեց, որ Արման Սարգսյանը պնդել է՝ ոստիկանությունը, հանդիսանալով ուժային կառույց՝ չունի այդպիսի պրակտիկա, որ ուղիղ եթերում քաղաքացիների հետ հանդիպումներ ունենա.

«Ոստիկանության աշխատակիցները պնդում էին, որ հնարավոր է, այնպիսի ինֆորմացիա այստեղ գնա, որը հրապարակման ենթակա չէ»։

Արդյունքում հանդիպումը չի կայացել, նախաձեռնության անդամները դուրս են եկել քննարկման սենյակից։

Հիշեցնենք, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում նաեւ ԱԱԾ-ի շենքի դիմաց։ Նրանց խոսքով՝ դա իրազեկում էր։ Նշում էին, որ պատրաստվում են ամեն օր ակցիաներ իրականացնել պետական կառույցների շենքերի դիմաց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ