fbpx
Աշխարհ

Reuters-ի անդրադարձը առաջնագիծ մեկնած լիբանանահայ կամավորներին

Reuters լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել Լիբանանում ստեղծված ծանր տնտեսական վիճակի պատճառով Հայաստան մեկնած մարդկանց մասին, ովքեր չէին էլ պատկերացնում, որ շուտով պատերազմ կսկսվի, և իրենք կկամավորագրվեն՝ ռազմաճակատ մեկնելու։ Այդ երիտասարդներից մեկն էլ Վարդգեսն է, ով նախընտրել է գործակալության հետ զրույցում չհայտնել իր ազգանունը։

«Ես հենց այդ գիշեր էի ցանկանում մեկնել։ Ինձ թվում էր, որ պետք է ինչ-որ բան անեմ երկրի համար»,- ասել է Վարդգեսը։

Գործակալությունը վկայակոչում է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերն այն մասին, որ սփյուռքից բազմաթիվ հայեր են կամավորագրվել։

Հարյուրավոր մարդիկ նույնիսկ հեռավոր Արգենտինայից և Միացյալ Նահանգներից եկել են Հայաստան և անցնում են զինվորական պատրաստության ծրագիր։ Գործակալությունը նաև զրուցել է զինվորական պատրաստության հրահանգիչ Կարապետ Աղաջանյանի հետ, ով հայտնել է, որ մարզում է տեղացի և սփյուռքահայ կամավորների, որոնցից տասը եղել են լիբանանահայեր։

Գործակալությունը նաև հայտնում է, որ Լիբանանում կա մոտ 140 հազարանոց հայկական համայնք, որոնց նախնիներից շատերը «փախել են 1 դար առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված զանգվածային ջարդերից»։

Ըստ լիբանանահայ պատգամավոր Հակոբ Բագրատունյանի՝ Լիբանանից կամավորների ուղարկումը կամ գրանցումը որևէ կերպ չի կազմակերպվել։ Ավելի քան 20 հոգի կամավորագրվել է՝ գործելով սեփական նախաձեռնությամբ։

Լիբանանի՝ հիմնականում հայաբնակ Անջար քաղաքի քաղաքապետ Վարդգես Խոշյանը հայտնել է, որ Հայաստանին և Արցախին դրամական օգնություն են ուղարկում նույնիսկ այն ընտանիքները, որոնք հազիվ են կարողանում իրենց վարձերը վճարել։ Այս ամիս Անջարում հարգել են նաև պատերազմում զոհված անջարցի Գևորգ Հաջյանի հիշատակը՝ Լիբանանում ծնված օպերային երգչի, ով ապրում էր Հայաստանում։

Գևորգի մայրը՝ Սոսե Հաջյանը, ամեն օր արտասվելով, լուրերին է հետևել՝ չիմանալով, որ որդին առաջնագծում է։ Որդու մահվան լուրը նրան հայտնել է իր եղբայրը։

«Ես մայր եմ, որ կորցրել է որդուն։ Դա շատ ծանր է։ Բայց ես նաև հպարտ եմ, որ նա միացել է հայերին, կռվել հանուն հայրենիքի», – ասել է Սոսե Հաջյանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ