Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև։ Այս մասին նա հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Լավ է վերադառնալ Կիև, որտեղ ամեն օր պաշտպանվում են ԵՄ-ի համար թանկ արժեքները»,- գրել է նա՝ տեղադրելով լուսանկար կայարանից:
«Ահա թե ինչու դա այնքան լավ վայր է՝ Եվրոպայի օրը նշելու համար: Ես ողջունում եմ նախագահ Վլադիմիր Զելենսկիի որոշումը՝ մայիսի 9-ը Եվրոպայի օրը նշել նաև այստեղ՝ Ուկրաինայում»,- ավելացրել է ֆոն դեր Լեյենը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր էր ստորագրել մայիսի 9-ը որպես Եվրոպայի օր նշելու մասին։
Եվրահանձնաժողովի ղեկավարը 2022 թվականի սկզբից ի վեր հինգերորդ անգամ է այցելում Կիև, սակայն նախորդ բոլոր դեպքերում ԵՀ-ն այցերի մասին հայտարարություններ է արել միայն նրա՝ Ուկրաինա ժամանելուց հետո՝ վկայակոչելով անվտանգության խնդիրները։ Այս անգամ չհստակեցնելով պատճառները՝ Եվրահանձնաժողովը մայիսի 8-ին հայտարարել էր կայանալիք այցի մասին։
