Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, կասեցրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործը։ Այս մասին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
«Հիմքն այն է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ասում է՝ վարույթը կասեցվում է, եթե կա մեկ այլ քրեական, քաղաքացիական կամ վարչական գործ, առանց որի քննության անհնար է այս գործի քննությունը։ Հիմա դատարանն այդ հիմքում կասեցրել է»,- ասաց Օրբելյանը։
Հիշեցնենք, որ հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: Հայցադիմումի հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, և՛ …»:
Աղբյուրը՝ News.am