Վերաքննիչ դատարանի գործողությունները հաստատում են ավելի վաղ հայտնված մտահոգությունները, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։
Փաստաբանն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ գործն առաջին ատյանի դատարան վերադարձնելու մասին, հակասում է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմանը։ Այս առնչությամբ փաստաբանը հիշեցրել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը գործը Սահմանադրական դատարան հանձնելու մասին բողոքարկման ենթակա չէ, և անգամ իրենք՝ դատախազության աշխատակիցներն են դատարանի պահվածքը գնահատում որպես ոչ ստանդարտ։
«Վերաքննիչ դատարանը այս դեպքում իրավունք չունի միջամտելու առաջին ատյանի դատարանի գործերին։ Առաջին ատյանի դատարանի ինքնավար իրավունքը ՍԴ-ին հանձնելու որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանն առհասարակ պաշտպանության կողմին ելույթ ունենալու հնարավորություն չտվեց։ Մեզ նման դեպքեր հայտնի չեն։ Այդ որոշումը հակասում է դատական պրակտիկային։ Ակնհայտ է, որ ընթանում է անարդար դատավարություն, ինչը հաստատում է մեր երկյուղներն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է»,- նշել է փաստաբանը։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումներն ընդունվել են նորմերի կոպիտ խախտումներով։ Որոշումներն արդեն հրապարակվել են, բայց հիմա էլ խախտումները չեն վերացվել։ Խախտումներից մեկն այն է, որ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ դատավարությունը պետք է սկսվի առաջին ատյանի դատարանում ընդհատված կետից։ Ընդ որում՝ Վերաքննիչ դատարանը նյութերը չի հանձնում առաջին ատյանի դատարան։ Դրանով իսկ ձգձգում է գործընթացը։ Պատճառներն անհասկանալի են, ասել է փաստաբանը։ Նա հիշեցրել է, որ ՍԴ հանձնելու մասին որոշումն ընդունվել է դատավարության ընդհատումից մեկ օր առաջ։ Ստացվում է, որ դատարանը, երկրորդ անգամ գործը վարույթ ընդունելով, մեկ օրում պետք է լուծի դատավարության ճակատագիրը։ Ընդ որում՝ նորից ժամանակ չի տրվում ծանոթանալու նյութերին։ Վերաքննիչ դատարանը իր գործողությունները բացատրում է նրանով, որ սպասում է Վճռաբեկ դատարան հանձնելու ժամկետի ավարտին։ Ընդգծելով դատավարության արհեստական ձգձգման անթույլատրելիությունը՝ փաստաբանները միաժամանակ ընդգծել են, որ մեղադրական կողմը չի կարող վնաս կրել դատարանի գործողություններում խճճվածության պատճառով։
Ինչ վերաբերում է նրան, թե նյութերը ոչ մի կերպ չեն հայտնվում առաջին ատյանի դատարանում, Վերաքննիչ դատարանը դրանք չի հանձնում, որպեսզի, Վճռաբեկ դիմելու դեպքում, անմիջապես հանձնի այնտեղ, Խուդոյանը հիշեցրել է, որ ոչինչ չի խանգարում հանձնելու նյութերի պատճենները։ Մենք ինքներս պատրաստ ենք ներկայացնել սքանավորված տարբերակը, ավելացրել է փաստաբանը։