NEWS.am-ի հետ զրույցում Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի մերժել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Դատախազության ներկայացված բողոքը։
Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ Հայաստան վերադառնալու և վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու հարցին, Մակինյանն ասաց. «Պարոն Հայրապետյանը դեռ ինքնամեկուսացման ռեժիմում է գտնվում, հիմա կյանքի և առողջության պահպանումն առաջնային է։ Պարոն Հայրապետյանը հիվանդություններ ունի, որոնցով պայմանավորված գտնվում է ռիսկային խմբում»։
Մակինյանը շեշտել է, որ վարույթն իրականացնող մարմինը միայն Ռուբեն Հայրապետյանին Հայաստան վերադարձնելու հարցով է ջանասիրաբար զբաղվում. «Վարույթն իրականացնող մարմինը թող կապվի Չինաստանի դեսպանի հետ և ապահովի առանձնապես խոշոր չափերի մեջ հարուցված քրեական գործով առնչվող Հայկ Շահնազարյանին Հայաստան վերադարձնելու հարցով։ Վարույթն իրականացնող մարմինը կողմնակալություն է անում»։
Ամրամ Մակինյանը հավելել է որ ՔԿ-ն գիտի Ռուբեն Հայրապետյանի բնակության վայրը. «Երբ Հայրապետյանը մեղադրյալ չէր մենք միջնորդել էինք, որ հեռավար կապի միջոցով անցկացվի հարցաքննությունը, ինչը մերժվեց»։
Մակինյանը հայտնել է, որ իրենց կողմից է եղել նախաձեռնություն՝ Ռաֆիկ Հայրապետյանին հարցաքննելու համար. «Գնում ենք, ՔԿ-ի դուռ ծեծում ու ասում ենք՝ եկել ենք, հարցաքննեք մեզ»։