Ռումինիայի Բակաու քաղաքում, Բակաուի քաղաքապետարանի հովանու ներքո սեպտեմբերի 13-ից 15-ն անցկացվել է «Հայաստան» հայկական փառատոնը, որը կազմակերպվել է Ռումինիայի Հայոց Միության Բակաուի մասնաճյուղի նախաձեռնությամբ: Ինչպես հայտնել են Ռումիանայում ՀՀ դեսպանությունից, փառատոնը նվիրված էր Ռումինահայոց միության 100-ամյա հոբելյանին:
Երեք օր շարունակ Բակաուի Եռագույն հրապարակում տեղի հասարակությանը և հյուրերին ներկայացվել է հայկական մշակույթը, երգն ու պարը: Փառատոնին հայկական ժողովրդական, ժամանակակից և ջազ երաժշտության կատարումներով հանդես են եկել սիրված երգիչ Ժան Սմբատյանը, ինչպես նաև դուդուկի վարպետ Կոսմին Ռաֆաել Բալեանը: Ունկնդիրներին հմայլել են ռումինահայ հանրաճանաչ ջազմեններ Հարրի Դավիդյանի և Գաբրիել Դեդեյանի փայլուն կատարումները: Հայկական պարարվեստը ներկայացրել են Բուխարեստի Վարդավառ, Կոնստանցայի Նաիրի և Տուլչա Բազմազան պարախմբերը:
Փառատոնը վարել է ռումինահայ հայտնի դերասան և ռեժիսոր Ֆլորին Գևորգյանը, ում ֆիլմերն, ի թիվս ռումինահայ ռեժիսորներ Արմինե Ոսկանյանի, Անդրեյ Լևոն Ինիզյանի և Անդրեյ Տեոդորեսկուի ֆիլմերի, ցուցադրվեցին փառատոնի ընթացքում:
Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Ռումինահայոց միության ղեկավարությանն ու Բակաուի մասնաճյուղի նախագահ Հակոբ Վասիլեին նման հայկական փառատոն կազմակերպելու համար` նշելով, որ հերթական առիթն է ընձեռվել տոնելու Ռումինահայոց միության 100-ամյակը։
Ողջույնի խոսքով նաև հանդես են եկել Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինահայոց միության Բակաուի մասնաճյուղի նախագահը:
Փառատոնին մասնակցել են Ռումինիայի տարբեր քաղաքներից ժամանած բազմաթիվ հայեր և ռումինացիներ։ Եռագույն հրապարակի ողջ երկայնքով գործել են տաղավարներ, որտեղ ներկայացված են եղել հայերեն և հայերին առնչվող գրականություն, ձեռագործ աշխատանքներ, հայկական խմիչքներ, սուրճ, հուշանվերներ և այլն։