Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ավարտվել է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի Թուրքիա տեղափոխման առաջին փուլը: Այս մասին հաղորդում է Habertürk-ը:
«S-400-ների բաղադրիչների Անկարայի Մյուրտեդ ավիաբազա տեղափոխման առաջին փուլն այսօր ավարտվել է», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսական զենքերի տեղափոխումը սկսվել է հուլիսի 12-ից: Ինչպես նշվում է՝ այդ ընթացքում իրականացվել է 30 թռիչք: Սպասվում է, որ երկրորդ փուլում նույնպես դրանք կտեղափոխվեն Անկարա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ S-400-ները Թուրքիայում մարտական հերթապահության կանցնեն 2020 թվականից:
Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Ալեքսանդր Շերինը Nation News-ի հետ զրույցում այս գործարքը համարել է առողջ մտքի հաղթանակ: