fbpx
Քաղաքականություն
06:00 20/10/2019

Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընտրությունը առաջին հերթին քաղաքակրթական ընտրություն է. Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսամետությունն ու արևմտամետությունը Հայաստանում ընկալվում են առավելապես որպես ընդամենը ուժեղին որոնելու մի կողմնորոշում, եթե փոքր-ինչ կոպիտ և հասարակ ձևակերպենք ներկայիս ընկալումը: Իրականում այստեղ խնդիրը, անշուշտ, շատ ավելի խորն է, և դրա տակ դրված են բավական լուրջ արժեքային կողմնորոշիչներ: Այլ հարց է, թե արևմտամետ կամ ռուսամետ ուժերից քանիսն են արժեքային ընտրություն կատարում և քանիսը՝ ընդամենը պատեհապաշտական: Դա առանձին խոսակցության նյութ է, բայց Հայաստանի հասարակության մեջ պետք է վերանայվեն արևմտամետ և ռուսամետ ընկալումները և դրանց տակ դիտարկվեն առաջին հերթին արժեքներ, ոչ թե քաղաքական կամ կուսակցական շահեր: Այդ պարագայում արդեն քաղաքական ուժերն էլ ստիպված կլինեն իրենց գործողություններին և կողմնորոշումներին արժեքներ տալ, այդ ամենը արժեքների վրա կառուցել՝ հասարակական կարծիքը բավարարելու համար: Այդ տեսանկյունից Հայաստանի հասարակական կարծիքն ունի հստակեցվելու և, այսպես ասած, որակական նոր մակարդակի բերվելու խնդիր:

Բանն այն է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընտրությունը առաջին հերթին քաղաքակրթական ընտրություն է, ընտրություն է հանուն, ոչ թե ընդդեմ: Արևմուտքը, արևմտյան քաղաքակրթական համակարգը մարդկության մեջ ամենադինամիկ զարգացումը արձանագրած համակարգն է, որից մյուս համակարգերը հետ են չափազանց մեծ տարբերությամբ: Խոսքը իդեալական համակարգի մասին չէ, այլ օպտիմալ, զարգացման պահանջի, մարդկային հոգեբանության և ստեղծագործական կարողությունների առավել ներդաշնակ համադրման համակարգի մասին: Նույնիսկ ասիական այն երկրները, որոնք մեծ զարգացում են ապահովել, դրան հասել են արևմտյան քաղաքակրթական համակարգը ընտրելու շնորհիվ, ինչպես, օրինակ, Ճապոնիան, Հարավային Կորեան, մասամբ Չինաստանը՝ տնտեսական մոդելի առումով, նաև Հոնկ Կոնգը, Սինգապուրը: Այդ երկրները պահպանել են իրենց ազգը, հասարակությանը բնորոշ առանձնահատկությունները, ավանդույթներն ու այլ տարրեր, բայց հասարակական և պետական զարգացման քաղաքականության, հասարակական համակեցության ընդհանուր կանոնների առումով առավելապես արևմտյան մոդելն են ընդօրինակել, ինչը նրանց տվել է զարգացման հնարավորություն: Անգամ ճգնաժամային պայմաններում, որում ներկայումս գտնվում է արևմտյան հարթությունը, այն առավել կենսունակ և առավել արդյունավետ է, քան այլ համակարգերը»:

Ռուսամետությունն ու արևմտամետությունը Հայաստանում ընկալվում են առավելապես որպես ընդամենը ուժեղին որոնելու մի…

Geplaatst door Արման Բաբաջանյան / Arman Babajanyan op Zaterdag 19 oktober 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ