Հայ վարորդների իրավունքները հազվադեպ չէ, որ խախտվում են Ռուսաստանում։ Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքների խնդիրը ԵՏՄ-ի խնդիրն է այնքանով, որքանով մեկ պետության ներքին օրենսդրությունը հակասում է ԵՏՄ պայմանագրին: ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «Եվրասիական և տարածաշրջանային ինտեգրման արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
«Այսինքն Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որը մեզ դրել է խտրական վիճակի մեջ: Ռուսաստանի կողմից համապատասխան օրենքի ընդունումը, ըստ էության, հակասում է ԵՏՄ պայմանագրին, որովհետև այդ ոլորտում պայմանագրով սահմանված չէ, որ ինքը կարող է լրացուցիչ պայմաններ դնել: Ավելին, այդ հարցը բարձրացվել ու քննարկվել է ԵՏՄ-ում: Դրա համար հիմա տանում են ուրիշ ճանապարհով. Ասում են՝ եկեք բոլորով միասին այդ ոլորտի շուրջ համաձայնագիր կնքենք, բայց դա շատ երկարատև ճանապարհ է, մինչև դրան հասնենք, տարիներ կանցնե, իսկ մեր վարորդներն այսօր այդ խնդիրն ունեն»,-հայտեց Շավարշ Քոչարյանը:
Քոչարյանի խոսքով երկրորդ ճանապարհն այն է, ՌԴ-ի կողմից ընդունված օրենքը, խտրական է Հայաստանի նկատմամբ. «Ստացվել է այնպես, որ ԵՏՄ մյուս բոլոր երկրների վրա այդ պահանջը չկա բացի Հայաստանից: Բելառուսը միութենական երկիր է, խնդիր չի ունեցել, Ղազախստանի հետ էլի հարցը մի ձև կարգավորել էին, մտցրել էին այդ օրենքի մեջ: Ղրղզստանն էլ, իմանալով այդ օրենքի ստորագրման մասին, վերջին պահին կարողացել է այնպես անել, որ օրենքում Ղազախստանից հետո նշվի նաև Ղրղզստանը: Հիմա պահանջվում է ընդամենը այդ օրենքում Ղազախստան, Ղրղզստան բառերից հետո նշվի Հայաստան բառը։ Դա անում ես՝ բոլոր հարցերը լուծվում են, բայց արդեն երեք տարի է , այս հարցը տարբեր ձևերով փորձում են տորպեդահարել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը տարբեր եղանակներով փորձում է հարցը չլուծված թողնել։
Նա նաև ընդգծեց, որ այս հարցը ԵՏՄ-ի որոշում չէ, եթե ԵՏՄ որոշում լիներ, իրենք թույլ չէին տա: