fbpx
Սպորտ

Ռուսաստանը 4 տարով զրկվել է Օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնություններում ելույթ ունենալու իրավունքից. WADA

Համաշխարհային հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեն (WADA) դեկտեմբերի 9-ին կայացրել է Ռուսաստանին միջազգային խոշոր մարզական իրադարձություններին մասնակցելու իրավունքից չորս տարով զրկելու որոշում: Առաջարկությունը վերաբերել է Օլիմպիական խաղերին և աշխարհի բոլոր առաջնություններին, ներառյալ ֆուտբոլը և հոկեյը, հայտնում է WADA-ի մամուլի ծառայությունը:

Բացի դրանից՝ Ռուսաստանն այս ընթացքում չի կարողանա դիմել միջազգային մրցաշարերի կազմակերպման համար:

«Կոմիտեն առաջարկությունը միաձայն հաստատել է»,- ասվում է WADA-ի հայտարարության մեջ:

Ռուսական РУСАДА հակադոպինգային գործակալության ղեկավար Յուրի Գանուսը РИА Новости-ին հաստատել է, որ WADA-ի գործադիր կոմիտեն միաձայն ընդունել է հանձնաժողովի առաջարկությունները, և նրա տեղակալ Մարգարիտա Պախնոցկայան շեշտել է, որ առաջարկությունը «Ռուսաստանի մարզական ղեկավարությանը պետք է մտածելու առիթ տա»:

«Ես լսում եմ ֆեդերացիաների նախագահներին ու փորձագետներին, ովքեր հպարտորեն հայտարարում են իրենց գործունեության մասին: Սա վկայում է այն, որ հակադոպինգային մշակույթը մեզ մոտ չի փոխվել, այս տարիների ընթացքում գաղափարապես ոչինչ չի փոխվել»,- ասել է նա:

Այնուամենայնիվ, Միջազգային օլիմպիական կոմիտեն կարող է համաձայն չլինել WADA-ի որոշման հետ և թույլ տալ Ռուսաստանին՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին:

Նմանատիպ որոշում կարող է կայացնել նաև ՖԻՖԱ-ն, որը կազմակերպում է Աշխարհի առաջնությունը Կատարում, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ն, որը կազմակերպում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը:

Ռուսաստանին հեռացնելու հիմնական պատճառը դոպինգային սկանդալն է՝ կապված Սոչիի օլիմպիական խաղերում, ինչպես նաև Ռուսաստանում այլ մրցումներին ռուս մասնակիցների դոպինգային կեղծ թեստերի հետ: Սա շարունակվում է արդեն մի քանի տարի: WADA-ն մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին համաշխարհային հակադոպինգային կանոնների լայնածավալ խախտումների մեջ, Ռուսաստանի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները:

2016-ին WADA-ն հրապարակել է ամբողջական զեկույց այն մասին, թե ինչպես են ռուսաստանցի մարզիկները զանգվածաբար օգտագործում դոպինգ 2014-ին Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ, իսկ Ռուսաստանի պաշտոնյաները դա թաքցնում էին ամենաբարձր մակարդակով՝ սկսած սպորտի նախարար Վիտալի Մուտկոյից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ