fbpx
Քաղաքականություն

ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ի հետ մեր համագործակցությանը, իսկ ԵՄ-ն դեմ չէ ԵՏՄ-ին անդամակցությանը. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ մեր համագործակցությանը, իսկ ԵՄ-ն դեմ չէ ԵՏՄ-ին մեր անդամակցությանը։ Այս մասին Коммерсантъ թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով այն հարցին՝ կարո՞ղ են արդյոք ԵՏՄ-ն և ԵՄ-ն որևէ կերպ համագործակցել, թե դատապարտված են հակամարտել միմյանց հետ, Փաշինյանն նշել է, որ Հոկտեմբերի 25-ին ԵՏՄ-ն պայմանագիր է կնքել Սերբիայի հետ։ Լրագրողը հակադարձել է, որ Սերբիան ԵՄ անդամ չէ։

«Այո, այո։ Պայմանագիրն ազատ առևտրի մասին էր։ Կա շատ մեծ հավանականություն, որ Սերբիան ԵՄ անդամ դառնա։ Եվ ի՞նչ կլինի այդ ժամանակ։ Դա շատ լավ է, քանի որ մեզ համար համագործակցությունը այն մոտեցումն է, որը մենք բոլորս պետք է ի ցույց դնենք։ Մենք, Հայաստանը, այդպես չենք ընկալում իրավիճակը, թե պետք է ընտրություն կատարենք Եվրոպայի և Ռուսաստանի միջև։ XVIII դարում հայկական վերնախավի ներկայացուցիչներն աշխատում էին այն ուղղությամբ, որ Ռուսաստանը գա մեր տարածաշրջան։ Ինչո՞ւ էր դա տեղի ունենում։ Որովհետև այն ժամանակ հայկական վերնախավի ներկայացուցիչները իրավիճակն ընկալում էին այնպես, որ Ռուսաստանը կգա մեր տարածաշրջան և իր հետ եվրոպական արժեքներ կբերի։ Ռուսաստանը մեզ համար եվրոպական երկիր է։ Հայաստանը նույնպես եվրոպական երկիր է, Բելառուսը նույնպես եվրոպական երկիր է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքերով՝ եվրոպական շատ առաջնորդներ նշում են, թե Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելն իրենց համար առաջնահերթություն է։ Հստակեցնող այն հարցին, թե այդ մասին նրանք ասո՞ւմ են մասնավոր զրույցներում, վարչապետը պատասխանել է, որ նրանք դա իրեն ասում են պաշտոնական զրույցներում։

«Սակայն մեզ համար Արևելք-Արևմուտք ընտրություն չկա։ Մենք ԵՏՄ անդամ ենք, և մենք խորը և համապարփակ գործընկերության մասին պայմանագիր ունենք ԵՄ-ի հետ։ Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ մեր համագործակցությանը, իսկ ԵՄ-ն դեմ չէ ԵՏՄ-ին մեր անդամակցությանը»,-նշել է վարչապետը։

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ 2008թ․ Վրաստանում հակամարտությունը, 2014թ․ Ուկրաինայի արևելքում հակամարտությունը Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցության արդյունք է, վարչապետը պատասխանել է, որ չի մեկնաբանի այդ երկրներում իրադարձությունները։

«Ուզում եմ կրկին ընդգծել և շատ եմ ուզում, որ մեր բոլոր թանկագին ռուսաստանցիներն արձանագրեն այդ փաստը։ 2018թ․ Հայաստանում փոփոխություններ տեղի ունեցան։ Տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ազգային հեղափոխություն։ Ինչո՞ւ այն ստացվեց ոչ բռնի։ Կա կարևոր պատճառ։ Որովհետև չկար որևէ արտասահմանյան ուժ, որը ներգրավված լիներ այդ գործընթացում։ Չկար որևէ գեոքաղաքական նախադրյալ։ Անձամբ ես և մեր թիմը թույլ չտվեցինք որևէ օտարերկրյա գործոնի միջամտություն մեր ներքին գործընթացին։ Այդ իսկ պատճառով մեզ մոտ ամեն ինչ այդպես ստացվեց։ Եվ մենք ասել ենք, որ մենք արտաքին քաղաքականության մեջ մտափոխություն չենք ունենա։ Ես ասել եմ, որ մեր հեղափոխության մեջ չկա որևէ գեոքաղաքական նախադրյալ։ Դա հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, և ոչ ոք չի կարող հակառակը ապացուցել, որովհետև հակառակը պարզապես գոյություն չունի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ