Աշխարհ

Ռուսաստանը պարզաբանումներ է ակնկալում Բաքվից

Այսօր ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որով պարզաբանումներ է ակնկալում Բաքվից՝ այդ երկրի տարածք ծագումով հայ ռուսաստանցիների մուտքի արգելման յուրաքանչյուր միջադեպի շուրջ: Այս մասին գրված է ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքում:

«Ծանոթացանք Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության արձագանքին՝ կապված մեր կողմից արված հայտարարությանը՝ այդ երկրի տարածք հայկական արմատներով ՌԴ քաղաքացիների մուտքի արգելմանը: Նշում ենք, որ մեկնաբանությունների տոնայնությունը դուրս է գալիս դիվանագիտական նորմերից: Ոչ պակաս մտահոգիչ է դրա բովանդակությունը»,- գրված է հայտարարությունում:

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծում է, որ այսպիսի մոտեցումն անընդունելի է և հիշեցնում է, որ Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

«Գործին ուղիղ առնչություն չունեցող ընդհանուր դատողությունների փոխարեն կցանկանայինք առարկայական պարզաբանումներ լսել ռուսաստանցիների հետ կապված յուրաքանչյուր միջադեպի հետ»,- գրված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի ԱԳՆ-ն այս հայտարարության մեջ մի քանի օրինակներ է բերում։ Օրինակ, երբ 2018-ին արգելել են Բաքու մտնել Մեծ Հայրենական պատերազմի 81-ամյա վետերանին կամ երբ 2017-ի փետրվարին մորն ու 4 տարեկան երեխային մի քանի ժամ պահել էին օդանավակայանի հատուկ վայրում:

Իսկ հաղորդագրության վերջում ասվում է, որ Մոսկվան անթույլատրելի է համարում այն հանգամանքը, որ Ադրբեջանը ակնարկում է, որ լավ կլինի, եթե Ռուսաստանի քաղաքացիների Ադրբեջան ուղևորվելուց առաջ դիմեն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությանը: Նախարարությունը նաև նշում է, որ սա հակասում է առանց վիզային ռեժիմի համաձայնագրին, որ երկու երկրները կնքել են 1997-ին։ Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև նշում է, որ իր առաջիկա քայլերը կախված կլինեն Բաքվի արձագանքից։

Գրում է shantnews.am-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ