Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը հայտարարել է, որ Ռուսաստանը և նրա վստահված անձինք ակտիվորեն ընդլայնում են ապատեղեկատվական արշավները Հայաստանում։ Այս հայտարարությունը հնչել է Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի արտահերթ նիստում։ Կալլասը նշել է, որ ապատեղեկատվական արշավների նպատակն է ազդել Հայաստանի քաղաքական գործընթացների վրա՝ հատկապես հաջորդ տարվա ընտրությունների նախօրեին։
Կալլասի խոսքով՝ այս տարի նման արշավների հիմնական թիրախը Մոլդովան էր, սակայն Հայաստանը նույնպես հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Նա ընդգծել է, որ ապատեղեկատվական սպառնալիքները հնարավոր է հաղթահարել, ինչպես դա ցույց տվեց Մոլդովայի օրինակը։ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ դիմակայելու այս մարտահրավերներին և ամրապնդելու իր ժողովրդավարական ինստիտուտները։
Սա անուղղակիորեն վկայում է, որ հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական դերակատարներ համարվող «նախկիններն» ու «ներկաները» միմյանց դեմ պայքարելիս, իրականում ստանում են աշխարհաքաղաքական երկու կենտրոնների՝ Ռուսաստանի և Արևմուտքի, աջակցությունը։ Որպեսզի Հայաստանը դուրս գա աշխարհաքաղաքական այդ կենտրոնների միջև շարունակվող բախումների տրամաբանությունից, ապա կարևոր է դառնում, որպեսզի 2026 թ․ ընտրություններին ընդառաջ հայ հանրությունը մերժի արտաքին հովանավորություն վայելող և արտաքին ազդեցության տակ գտնվող այդ երկու բևեռներին՝ «նախկիններին» ու «ներկաներին»։

