fbpx
Խորհրդարան

Սահմանադրական փոփոխությունների քննարկման համար աշխատանքային խումբ կստեղծվի․ Մակունց

Արդարադատության նախարարություն արդեն տեղեկացրել է, որ փետրվարին ձևավորվելու է աշխատանքային խումբ, որը քննարկելու է նաև սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցեր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Նախարարությունը կլինի հնարավորինս ներառական՝ ներգրավելով ոչ միայն նախարարությունից, կառավարությունից անձանց, այլև խորհրդարանից, այդ թվում ընդդիմությունից: Այնպես որ կարծում եմ՝ պարոն Մարուքյանը հնարավորություն կունենա իր դիտարկումները, առաջարկները ներկայացնելու այդ աշխատանքային ձևաչափում: Իհարկե, մենք ևս մեր առաջարկները կներկայացնենք»,-ընդգծեց Մակունցը:

Անդրադառնալով երեկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանի հրաժարակնին, Մակունցն ասաց, որ նա իր այդ որոշման մասին նախապես չի տեղեկացրել «Իմ քայլը» խմբակցությանը:

«Մենք պոստ ֆակտում տեղեկացել ենք դրա մասին: Ես, իհարկե, ցավում եմ, որ պարոն Շաթիրյանին եղել են կաշկանդող հանգամանքներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր մասնագիտական որակներն իրացնելու և կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար: Կարծում եմ՝ խորհրդարանի կողմից տրված մանդատը, որով նա ներկայացել էր հանձնաժողով, պետք է բավարար վստահություն և անկաշկանդվածություն հաղորդեր նրան աշխատելու համար»,-ասաց Մակունցը՝ հավելելով, որ ինքը չի փորձել կապ հաստատել Շաթիրյանի հետ:

Մակունցի խոսքով՝ իրենք դեռևս չեն խոսել Շաթիրյանի հետ հրաժարականի պատճառների մասին, պարզապես նրա գրառումից արձանագրել են, որ եղել են կաշկանդող հանգամանքներ, ինչը, Մակունցի կարծիքով՝ չպետք է լիներ։

«Կարծում եմ՝ պարոն Շաթիրյանն այլ պատճառների դեպքում և ցանկության դեպքում կապ կհաստատեր մեզ հետ»,-ընդգծեց Մակունցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ