fbpx
Քաղաքականություն

Շատերդ ընկերություն եք արել նոն-կոմֆորմիստ արվեստագետների հետ, հիմա ի՞նչ եք ընկել ռաբիսների հետևից․ Վահրամ Մարտիրոսյան

Գրող, սցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵՐԵՔ ԹԻԶ ՄԻՆՉԵՎ ԵՐԿԻՆՔԸ

Մի խրատական պատմություն կա։ Մաո Ցզե Դունին 1950-ական թվերին Չինաստանում պաշտում էին, շատ ավելի, քան էսօր… քան մինչև 53 թիվը Ստալինին։ Մաոն բանաստեղծություններ էր գրում, նույնիսկ ճակատամարտերի, խրամատային կռիվների ընդմիջումներին, բայց չէր տալիս տպագրության, ինչքան էլ որ հրատարակիչները դիմեին։ Մտավախություն ուներ, որ երիտասարդների վրա իր ոճը կազդի, իսկ ինքը հետևում էր հազարամյա ազգային ավանդույթներին. դա հետ կգցեր չինական ժամանակակից պոեզիան, կխանգարեր զարգացմանը։ Ու Մաոյի առաջին բանաստեղծությունները լույս տեսան, երբ արդեն 65 տարեկան էր։ Մեկ է՝ մեծ ազդեցություն ունեցան։ Բայց չին բանաստեղծ Յան Սյաոբինի համար կարևոր էր, որ Մաոյի գործերը թեև դասական ոճի էին, բայց նաև նրբին զսպությամբ հակադրվում էին ժամանակի հերոսական պաթոսին։

Ասածս ինչ է։ Քաղաքական ու տնտեսական հեղափոխությունից պակաս կարևոր չէ ճաշակի, մշակութային հեղափոխությունը։ Հայաստանի նոր քաղաքական վերնախավից շատերդ ընկերություն եք արել ժամանակակից նոն-կոմֆորմիստ արվեստագետների հետ, իրենց տներում եք թաքնվել, երբ ռոբասերժական ոստիկանությունը հետապնդում էր, հիմա ի՞նչ եք պատեհապաշտների ու ռաբիսների հետ ընկերությամբ երջանկանում, «գորգ լվանում», նույն օրերին, երբ Մոսկվայում մարդկանց 5 տարի են տալիս թվիթի համար, Я <3 Москва մղձավանջը դնում Հանրապետության հրապարակում… և վերջապես նախանցյալ էսթետիկայի ձեր բանաստեղծությունները տարածում։

Խորովածի շուրջ միասնականությունից մնալու է ծխահոտը, ինչքան որ կմնա, իսկ հեղափոխական գաղափարները կարող են իրագործվել միայն նորի, նորարարության, հեղափոխական ստեղծարարության, հայերեն ասած՝ կրեծիվության շնորհիվ։

Եվ իհարկե՝ մի բանաստեղծություն Մաոյից.

ԵՐԵՔ ԵՐԳ

Սար։
Ես խթանում եմ արագավազ նժույգս,
Չեմ սանձում, հետ չեմ նայում։
Երկինքը երեք թիզ է ինձնից բարձր։

Սար։
Ծովը փլուզվում է, ու գետն է եռում։
Անթիվ ձիեր են վարգում
Դեպի մարտի թեժ տեղը։

Սար։
Սուր գագաթները պատռում են երկինքը,
Որը կխորտակվեր
Եթե դեմ չառներ լեռնասյուներին։

Թարգմանեցի՝ համեմատելով բանաստեղծության անգլերեն ու ռուսերեն տարբերակները»։

https://www.facebook.com/vahram.martirosyan1/posts/10206446016426426

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ