Հարավկորեական Samsung ընկերության 2019 թ.-ի երկրորդ եռամսյակի շահույթը կրկնակի կրճատվել է: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Նշվում է, որ շահույթը կազմել է 5.6 մլրդ դոլար, ինչը 56%-ով պակաս է 2018-ի նույն ժամանակահատվածից: Ընկերությունը եռամսյակի ամբողջական հաշվետվությունը դեռ չի հրապարակել:
Հայտնի է, որ Samsung-ը սմարթֆոնների, համակարգիչների և սերվերների չիպերի աշխարհի խոշորագույն արտադրողներից է: Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային պատերազմի անկանխատեսելիության պատճառով այս ոլորտում գլոբալ անկում է, նշում է գործակալությունը:
Առևտրային պատերազմից բացի, ոլորտի վրա ազդել է նաև Ճապոնիայից չիպերի և էկրանների արտադրության համար անհրաժեշտ նյութերի Հարավային Կորեա արտահանման սահմանափակումները:
HI Investment & Securities ներդրումային ընկերության վերլուծաբան Սոնգ Մյուն-սուպը կարծում է, որ չիպերի գները կշարունակեն նվազել:
TrendForce վերլուծական ընկերության գնահատականներով, օպերատիվ հիշողության մոդուլներում օգտագործվող DRAM հիշողության չիպերի արժեքը 2019-ի երրորդ եռամսյակում կկրճատվի 15%, իսկ չորրորդում՝ 10%-ով:
Անցած տարի Samsung-ը դարձել է չիպեր արտադրող աշխարհի խոշորագույն ընկերությունը: Հարավկորեական արտադրողը կարողացել է շրջանցել իր մրցակից Intel-ին: Վերջինը 25 տարվա ընթացքում առաջին անգամ դարձել է երկրորդը: