fbpx
Իրավական

Սանասարյանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը հրապարակեց Սանասարյանի մեղադրական եզրակացությունը:

Ըստ դրա համառոտ նկարագրի՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո նախագահող դատավոր Դավիթ Բալայանը Սանասարյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրեն պարզ է մեղադրանքի էությունը, ինչ դիրքորոշում ունի ինքը դրա վերաբերյալ: Ի պատասխան դատարանի հարցին՝ Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ է, և ինքն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

«Ինձ պարզ է, թե ինչ է ասում դատախազը, բայց ես առիթներ եմ ունեցել իմ դիրքորոշումը ներկայացնելու՝ նշված շինծու գործի վերաբերյալ, և հիմա էլ հստակ կարող եմ ասել, որ հրապարակվածը չի համապատասխանում իրականությանը: Ինձ մեղադրում են նրա համար, որ ես, իմանալով, որ իմ աշխատակիցը կառավարում է կոնկրետ կազմակերպություն, ասել եմ, որ նման բան չի եղել, բայց ես բազմիցս հարցրել եմ նրան, նա ինձ հավաստիացրել է, որ ինքը որևէ կազմակերպության հետ կապ չունի»:

Ինչ վերաբերում է դատախազի այն պնդմանը, թե դիալեզի գործով պետությանը վնաս է հասցվել, Սանասարյանը հիշեցրեց՝ այդ մասով կա առանձին քրեական գործ, որը ՊՎԾ ուսումնասիրության արդյունք է. «Մամուլում չկա գեթ մեկ դեպք, որ ինչ-որ մեկը տուժել է ՊՎԾ ուսումնասիրությունից»:

Սանասարյանը հայտարարեց՝ ինքը չի ափսոսում, որ ՊՎԾ ուսումնասիրություններն արվել են Վանաձորի և «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում. «Եթե այսօր էլ վերադառնամ, թույլ չեմ տալու, որ մարդիկ պետության հաշվին գերշահույթ ունենան»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ