fbpx
Առողջապահություն

Նախարար Ավանեսյանն ու վարչապետի տիկինը Սանկտ-Պետերբուրգում են

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում ընթացող Եվրասիական կանանց համաժողովին, որն անցկացվել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Գալինա Կարելովայի նախագահությամբ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի էջից։

«Համաժողովին ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նա ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստում։

Հայաստանի մասնակցությունն այս միջոցառմանը կարևոր է որպես երկրների միջև առողջապահական համակարգի համագործակցության բաղադրիչ:

Եվրասիական կանանց համաժողովին Անահիտ Ավանեսյանի ելույթը կրել է «Կանանց առաքելությունը. միասին` հանուն առողջ ներկայի և ապագայի» խորագիրը:

Միջոցառման ընթացքում ընդգծվել է կնոջ դերը քաղաքականության և տնտեսության տարբեր ոլորտներում: Շեշտվել է, որ այս համատեքստում առողջապահական համակարգը կարևոր դերակատարում ունի հասարակական կյանքի զարգացման, կառավարման, սոցիալական բնույթի ձևավորման հարցում:

Առողջ հանրությունն առողջ հասարակարգի հենասյուներից է, իսկ կինը և մայրը կարող են առանցքային դեր խաղալ առողջ հասարակարգի ձևավորման, երեխաների առողջ դաստիարակության և, ընդհանուր առմամբ, առողջ ապրելակերպի խթանման գործում», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ