fbpx
Քաղաքականություն

Գնել Սանոսյանը ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորությամբ։

«Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և բազմաշերտ համագործակցությունը։

Սեյեդ Մեհդի Ֆարշադան իր հերթին ընդգծել է Հայաստանի հետ դարավոր բարեկամության և համագործակցության կարևորությունը, նշել, որ հատկապես տնտեսական առումով դեռ հսկայական աշխատանք կա անելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները, որի համար տրանզիտ ճանապարհները մեծ դերակատարություն ունեն։ Սեյեդ Մեհդի Ֆարշադան նշել է, որ իրենք Հայաստանը դիտարկում են որպես բարեկամ հարևան երկիր, որը կարող է Իրանը կապել ԵԱՏՄ շուկային։

Նախարար Սանոսյանը նկատել է, որ ճանապարհների ապաշրջափակումով տարածաշրջանում զարգացման նոր հնարավորություններ կարող են բացվել։

Նախարարը խոսել է Սյունիքում այլընտրանքային ճանապարհից։ Տեղեկացրել, որ առաջիկայում պատրաստ կլինի Տաթև-Լծեն ավտոճանապարհը, որի կառուցմամբ նախ կկրճատվի դեպի Երևան ճանապարհը, ինչպես նաև դրանով կլուծվի ներկայումս առկա այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելի հատվածների խնդիրը։

Իրանական կողմը բարձրացրել է իրանցի բեռնատարներից գանձվող ֆիքսված գումարի հարցը։ Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվում, որով նախատեսվում է ճանապարհային վճարը փոխարինել կիլոմետրի դիմաց վճարի, որով կլուծվի բարձրացված հարցը։

Նախարարը կարևորել է նաև էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում Իրանի հետ համագործակցությունը, ճանապարհների ապաշրջափակման դեպքում՝ դեպի Երասխ-Նախիջևան-Իրան երկաթգծի գործարկումը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ