Իրավական
13:59 27/05/2020

Հայտնաբերվել է Սարալանջի գերեզմանատանը 40-ամյա տղամարդուն սպանած կասկածյալը

Երեկ, մայիսի 26-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ՀՀ քր. օր-ի104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի բնակիչ՝ 68-ամյա Վարդևան Արզումանյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 24-ին Աբովյան քաղաքի «Սարալանջ» գերեզմանատանը հարակից եկեղեցու դիմաց Աբովյան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Արա Պողոսյանի հետ վիճաբանելու և վերջինիս սպանելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ ստեղծվել էին օպերատիվ քննչական խմբեր։

Ոստիկաններն ու քննիչները կասկածյալին հայտնաբերելու համար 1 տասնյակից ավելի հասցեներում են ստուգումներ կատարել, քանի որ նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունները հակասական են եղել։ Ի վերջո, տևական ժամանակ անց Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները, համագործակցելով ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության իրենց գործընկերների հետ, հայտնաբերել են Վ. Արզումանյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 25-ին հերթական սպանությունն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ դի կա։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը։ Ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը հարակից եկեղեցու մուտքի դռան մոտ մեջքով գետնին ընկած վիճակում հայտնաբերել էին 40-ամյա Արա Պողոսյանի դին։ Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել էր, որ մահացածի գլխի շրջանում կան բազմաթիվ վնասվածքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ