fbpx
Քաղաքականություն

Սասնա ծռերը այսօր Արարատի մարզում էր

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում։ Տարբեր համայնքներում կուսակցության անդամներին դիմավորեցին աղ ու հացով։ Տեղեկացնում է 168.am-ը

Կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը հանդիպման ընթացքում հայտարարեց, որ որևէ մեկն իրավունք չունի ժողովրդին վախեցնելու, իսկ իշխանությունները ժողովրդի ծառան են, որոնք պաշտոնը ստանձնելուց հետո պետք է ծառայեն ժողովրդին։

Նա վստահեցրեց, որ «Սասնա ծռերը» հակակշիռ կլինեն և կհամագործակցեն խորհրդարան անցած մեծամասնության հետ, և, եթե պետք լինի՝ կքննադատեն իշխանություններին, հարկ եղած դեպքում էլ՝ կաջակցեն: Ավելին, եթե անհրաժեշտություն լինի՝ բերման կենթարկեն նախարարներին, որոնք ԱԺ ամբիոնից ստիպված կլինեն պատասխանելու, թե ինչի հետ է կապված իրենց այս կամ այն հայտարարությունը։

«Ազնիվ մարդիկ պետք է մտնեն Ազգային ժողով, մենք պետք է կոտրենք այն մտայնությունը, որ, եթե պատգամավոր է, ուրեմն անպայման պետք է բիզնեսով զբաղվի, բիզնեսը պետք է անջատենք քաղաքականությունից։ Հարուստ են, հալալ է, թող վայելեն ու ժողովրդին ծառայեն, աշխատատեղ ստեղծեն, այստեղ մեր կուսակցությունը երաշխավոր կլինի, որպեսզի փոքր և միջին բիզնեսը ծաղկի։ Մենք թույլ չենք տա, որպեսզի օլիգարխը փող տա, որ փոքր բիզնեսով զբաղվողի շենքը քանդեն, սա խայտառակություն է։ Երևանում փոքր բիզնեսով զբաղվող մարդու շինությունը քանդեցին՝ խայտառակություն էր։ Օլիգարխների դղյակները չենք քանդում, բայց դրանք քանդում են, այդ հարցն ո՞վ բարձրացնի, Նիկոլ Փաշինյա՞նը, նա չի կարող, որովհետև սա իր թիմն է»,- նշեց Ստեփան Գրիգորյանը։

Նա վստահեցրեց, որ այս և նմանատիպ հարցերի համար «Սասնա ծռերը» կարող են հակակշիռ լինել։

Նա հորդորեց բնակիչներին  ճիշտ ընտրություն կատարել և իրենց վստահության քվեն չտալ նախկին թալանչիներին։

«Պետք է հասկանաք կա՛մ ստամոքսային պետություն պետք է կառուցենք՝ ուտենք ու գնանք զուգարան, կա՛մ կկառուցենք երկիր, որտեղ գաղափարախոսություն կա։ Աշխարհը հենված է գաղափարի վրա, ուտող-ուրացողներն անհայտանում են։ Երեք հազար տարվա մեջ այս աշխարհում մնացին Իսրայելը, Հայաստանը, Չինաստանը, Իրանը, մյուս ազգերն ո՞ւր են, որոշել են ուտել ու գնալ զուգարան, չկան։

«Սասնա ծռերի» ցավը տանեմ, այս տղերքի հետ միացել եմ, որովհետև ազնիվ են, Արցախը որևէ մեկին չենք տա, զգուշացնում եմ բոլորին, նաև՝ այսօրվա կառավարությանը՝ լեգիտիմ եք, աջակցելու ենք, բայց Արցախը չենք տա, որ հանձնեք։ Նիկոլ Փաշինյանին կաջակցենք, գաղափարներով կսնենք, բայց Արցախը երբեք չենք տա, տարածքների մասին բոլորդ մոռացեք։ Ես դիվանագետ եմ և պնդում եմ, որ հարցը կարող ենք խաղաղ ճանապարհով լուծել, հավատացեք և ձեր ձայնը տվեք մեր կուսակցությանը»,- հայտարարեց Ստեփան Գրիգորյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ