ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ նիստերին, դատաքննություններին չի մասնակցում: Հարցին՝ սա ի՞նչ է ենթադրում, կհիշե՞ք նման նախադեպ, որ ՍԴ դատավորը չմասնակցի նիստերին՝ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը պատասխանեց. «Նման նախադեպ չեմ հիշում: Առայժմ չեմ կարող ասել, թե ինչ գործընթաց է սպասվում: Բայց իրավական առումով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն, մենք պարտավոր ենք նիստերին մասնակցել և որոշակի ժամանակահատվածում նիստերին չմասնակցելը կարող է կարգապահական վարույթի հիմքեր ստեղծել՝ 3 դատավորի դիմումով»: Հարցին՝ այս պահին հիմքեր տեսնո՞ւմ եք դրա համար՝ նա պատասխանեց. «Անձամբ ես չեմ նախաձեռնի նման բան»:
Ռոբերտ Քոչարյանի գործի մասին խոսելով՝ հարց եղավ ՍԴ անդամների հատուկ կարծիքի հետ կապված, Գյուլումյանը պատասխանեց. «ՍԴ-ի որոշումները կոլեգիալ մարմնի որոշումներ են, որը ենթադրում է, որ կարող են որոշումները ընդունվել ընդհուպ 5-4 ձայների հարաբերակցությամբ: Բայց որոշում է մեծամասնությունը: Ինձ համար ողջունելի է, որ միաձայնությամբ չի լինում որևէ որոշում: Հնարավոր է լինեն հատուկ կարծիքներ, ընդունված պրակտիկա է բոլոր կոլեգիալ դատական մարմիններում, եվրոպական դատարանում է ընդունված: Որպես իրավաբանների՝ նրանց արտահայտած կարծիքը ես միանշանակ հարգում եմ: Ցանկացած հատուկ կարծիք ուղղված է նաև իրավունքի զարգացմանը»:
Աղբյուրը հիշեցնում է, որ հատուկ կարծիքում հնչել էր տեսակետ, որ ՍԴ-ն շտապել է ու գուցե այլ որոշում լիներ, եթե չլիներ շտապողականությունը: Ալվինա Գյուլումյանն արձագանքեց. «Ես, իհարկե, հատուկ կարծիք գրելիս ձեռնպահ կմնայի նման արտահայտությունից, որովհետև առաջին հերթին դա օրենքից չի բխում: ՍԴ-ի մասին օրենքի համապատասխան, երբ որ մենք անհատական դիմում ենք ստանում, պարտավոր ենք այն քննարկել 3 ամսվա ընթացքում, բացառիկ դեպքում այն կարող է հետաձգվել ևս 3 ամսով, այսինքն՝ 6 ամսվա ընթացքում պարտավոր ենք որոշում կայացնել: Հիմա մենք որոշում ենք կայացրել 4-րդ ամսում, ձեր գնահատականին եմ թողնում՝ դա հապճե՞պ է, թե՞ ոչ: Տարբեր իրավաբաններ կարող են տարբեր կարծիքներ ունենալ»:
Գրում է Aravot-ը։