Քաղաքականություն

ՍԴ-ից պահանջում եմ մերժել Քոչարյանի և մյուսների գործի քննումը․ Նարեկ Այվազյան

«Էլեկտրիկ Երևան» ՀԿ հիմնադիր Նարեկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Ես՝ Նարեկ Այվազյանս, որպես ՀՀ քաղաքացի փաստում եմ, որ Հայաստանում առերևույթ 2008 թվականի Մարտի 1-ից տապալված է սահմանադրական կարգը և դեռևս վերականգնված չէ:

Սահմանադրական կարգի վերականգնման գործը պետք է իրականացնեն գործող իշխանության բոլոր երեք ճյուղերը միասին՝ Սահմանադրական դատարանի գլխավորությամբ։ Սակայն, հաշվի առնելով, որ երեք ճյուղերից դատական համակարգը՝ Սահմանադրական դատարանի գլխավորությամբ, ձևավորվել է 2008 թվականի հայտնի արյունալի իրադարձություններից հետո, մինչև ՀՀ-ում տեղի ունեցած վերջին խորհրդարանական ազատ և թափանցիկ ընտրությունները,

Սահմանադրական դատարանից պահանջում եմ.

1. Մերժել Քոչարյանի և մյուսների գործի քննումը և ետ ուղարկել, որպեսզի այս մասով չխորացվեն առաջացած հակաօրինական խնդիրները,
2. Գնահատական տալ, թե տվյալ գործով մեղադրյալին ազատ արձակելու միջնորդությունն ինչքանով է համապատասխանում մեր սահմանադրությանը՝ հաշվի առնելով, որ միջնորդությունն ակնհայտ քաղաքական ճնշմամբ է իրականացվել՝ Արցախի երկու նախագահների կողմից՝ խախտելով ինքնիշխանությունը՝ եղբայրական պետության նախագահների միջամտության պատճառով:
3. Առաջին երկու կետերի իրականացումից հետո, Սահմանադրական դատարանի ինստիտուտի նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու նպատակով, ձեռնամուխ լինել գործընթացի ՍԴ դատավորների կազմի վերակազմավորման նպատակով։

ՀՀ գործադիր իշխանություններից պահանջում եմ.

1. Հարկադիր հսկողություն սահմանել դատավոր Դավիթ Գրիգորյանի և իր հարազատների անվտանգությունն ապահովելու նպատակով։
2. Պատասխանատվության կանչել Սահմանադրական կարգի վերականգնման՝ Մարտի 1-ի գործից քննության, մասնավորաբար Քոչարյանի և մյուսների գործը վիժեցնելու նպատակով ՍԴ ուղարկող դատավորին։ Կատարված գործողությունը որակել որպես ՀՀ օրենսդրության խախտում, ինչպես նաև պարզել այս առնչությամբ բոլոր հանգամանքները, որոնք կարող էին ճնշում հանդիսանալ այդ քայլի կատարման համար։
3. Քաղաքական գնահատական տալ Արցախի Հանրապետության նախագահների միջամտությանը իրավական և քաղաքական գործընթացներին և երաշխավորել հանրությանը, որ այլևս չի թույլատրվի այլ պետությունների, նույնիսկ եղբայրական Արցախի միջամտությունը մեր երկրում՝ սահմանադրական կարգի վերականգնման և ինքնիշխանության ամրապնդման նպատակով։

ՀՀ օրենսդիր իշխանությունց պահանջում եմ.

1. Հրապարակային հաշվետվություն տալ իրենց և գործադիր իշխանությունների փակ հանդիպումների մասին, որոնք հիշեցնում են նախկին ռեժիմների գործելաոճը, որպեսզի պատճառ չհանդիսանան հանրության կողմից ընտրված ԱԺ հանդեպ վստահության նվազեցման։
2. Հաշվետվություն տալ Արցախի Հանրապետության նախագահի հետ հանդիպման մասին, որպեսզի հանրության մեջ տարածված հասունացող պատերազմի մասին կասկածները վերանան, եթե իհարկե այդ մասին չի գուժել նախագահը։
3. Օժանդակել ՍԴ դատավորների կազմի վերակազմավորման գործընթացին՝ Սահմանադրական դատարանի ինստիտուտի նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու նպատակով։

Ամփոփելով դիրքորոշումս և պահանջներս՝ վերահաստատում եմ աջակցությունս պետությունում համակարգային այն բարեփոխումներին, որոնք համապատասխանում են ժողովրդավարությանը, բարոյականությանը, օրինականությանը, ընդունելի են ՀՀ քաղաքացիների մեծամասնության կողմից և արվում են ի շահ Հայաստանի Հանրապետության»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ