Աշխարհ
19:00 25/10/2019

Սերբիան ազատ առևտրի պայմանագիր կկնքի ԵԱՏՄ-ի հետ

Սերբիան այսօր պետք է ազատ առևտրի պայմանագիր ստորագրի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ՝ անտեսելով Եվրոպական միության հնչեցրած անուղղակի սպառնալիքները:

Փաստաթուղթը Մոսկվայում կնքելու է վարչապետ Անա Բրնաբիչը: Դրանով կփոխարինվեն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ Սերբիայի նախկինում ստորագրած ազատ առևտրի երեք առանձին պայմանագրերը:

Սերբիան չունի Հայաստանի և Ղրղզստանի հետ ստորագրած նմանօրինակ առանձին պայմանագրեր:

Սերբիայի առևտրի նախարարությունը հայտնել է, որ այսօրվա պայմանագիրը թույլ կտա սերբական ապրանքների մոտ 95.5 տոկոսն առանց հարկման արտահանել Եվրասիական տնտեսական միության երկրներ: Սերբիայի և ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալն անցյալ տարի կազմել է 3 միլիարդ 400 միլիոն դոլար:

Եվրամիության արտաքին քաղաքականության անվտանգության գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Մայա Կոչիյանչիչն ասել է, որ Բրյուսելն ուշադրությամբ հետևում է այդ զարգացումներին:

«Սերբիայի առևտրի ընդամենը 10 տոկոսն է Ռուսաստանի հետ, Սերբիայի հիմնական առևտրային գործընկերը Եվրոպական միությունն է: Սերբիայում եվրոպական ներդրումների ծավալը տասն անգամ գերազանցում է ռուսական ներդրումները»,-ասել է Կոչիյանչիչը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ