fbpx
Աշխարհ

ԱՄՆ սենատորները Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման օրինագիծ են ներկայացրել

ԱՄՆ դեմոկրատ սենատորներն ապրիլի 30-ին ներկայացրել են օրինագծի, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե այդ երկիրը խախտի մարդու իրավունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է օրինագծի հեղինակներից մեկի՝ Էդվարդ Մարկիի գրասենյակը:

Օրինագիծը ուղղված է լինելու Թուրքիայի կառավարության այն պաշտոնատար անձանց դեմ, ովքեր պատասխանատու կլինեն քաղբանտարկյալների և խղճի բանտարկյալների, քաղաքական շարժառիթներից ելնելով՝ լրագրողների ազատազրկման, խոսքի ազատության սահմանափակումների և միջազգայնորեն ընդունված մարդու այլ իրավունքների կոպիտ խախտումների համար:

Էդվարդ Մարկին, ինչպես նաև օրինագծի մյուս համահեղինակներ Ռոն Ուայդենն ու Ջեֆ Մերկլին, կոչ են արել ԱՄՆ պետքարտուղարին աջակցություն ցուցաբերել Թուրքիայի քաղաքացիական հանրությանը՝ հանուն քաղբանտարկյալների ազատ արձակման: Միաժամանակ, սենատորներն Անկարային հորդորել են քայլեր ձեռնարկել լրագրողների համար վտանգավոր մթնոլորտի վերացման, համացանցում խոսքի ազատությունը ճնշելու դեմ:

Նախաձեռնության հեղինակներն օրինագծով ոչ միայն կոչ են անում ԱՄՆ նախագահին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ համապատասխան միջոցները չձեռնարկելու պարագայում, այլև հորդորում են ԱՄՆ ֆինանսների նախարարությանն առանցքային ֆինանսական ինստիտուտներին հրահանգ ուղարկել՝ հրաժարվելու գրանտներ կամ վարկեր տրամադրելուց թուրքական կառավարությանը:

Դեմոկրատներն արդեն երրորդ անգամ են նման օրինագիծ ներկայացնում Սենատին: 2017-ին և 2019-ին, երբ Սենատում մեծամասնություն էին կազմում Հանրապետականները, օրինագծերն անցկացնել չհաջողվեց: Ներկայում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն են դեմոկրատները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ