fbpx
Քաղաքականություն

Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը պետք է համարվի աշխատանքային ստաժ. Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ քարոզարշավի հերթական կանգառը Վայոց Ձորի մարզն էր: Եղեգնաձոր քաղաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կիսվեց առկա մտոհգություններով և դրանց փարատմանն ուղղված ՕԵԿ առաջադրած ծրագրային մոտեցումներով: Հայտնում է aysor.am-ը:

Խոսելով մարզերի սոցիալ-տնտեսական խնդիրների մասին՝ Արթուր Բաղդասարյանը ի թիվս շարք հարցերի մատնանշեց գյուղատնտեսության խթանման կարևորությունը

«Գյուղատնտեսությունը պետք է սուբսիդավորվի պետության կողմից: Պետությունը այս հարցում չպետք է լուռ դիտողի կարգավիճակում մնա: Այսօր արդի աշխարհը անցել է գյուղատնտեսության  ապահովագրման  քաղաքակիրթ համակարգին, որի պայմաններում գյուղացին կարողանում է աղետների դեպքում ստանալ երաշխավորված ֆինանսական օգնություն: Այստեղ նոր հեծանիվ ստեղծելու կարիք չկա, պարզապես պետք է կարդալ, ուսումնասիրել միջազգային փորձը», – ասաց Ա.Բաղդասարյանը:
Նա նշեց նաև, որ իրենք մշակել են գյուղաբնակ ժողովրդի և հատկապես կանանց աշխատանքը որպես աշխատանքային ստաժ հաշվարկելու և նրանց վճարելու գործուն մեխանիզմներ:

«Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը պետք է համարվի աշխատանքային ստաժ: Սա է մեր մոտեցումը: Այս գաղափարը թույլ կտա նաև  յուրաքանչյուր տարի ինդեքսավորել և բարձրացնել մարդկանց կենսաթոշակը», – նշեց նա:
Ըստ Արթուր Բաղդասարյանի, այս ոլորտում մեկ այլ հրատապ լուծում պահանջող խնդիր էլ համարվում է  գյուղական համայնքներում ոռոգման ջրի  բարձիթողի վիճակը:

«Պետք է հետևողականորեն զարգացնենք այսպես կոչված Գյուղատնտեսության ցանցապատման գործընթացը: Վերադառնալով ամենակարևոր խնդրին՝ ոռոգմանը, այստեղ մենք առաջարկում ենք 100% անցում կատարել կաթիլային համակարգին: Այո, մեր ծրագրերը ամբիցիոզ են, սակայն հետևողական աշխատանքների դեպքում վստահ եմ, որ Հայաստանը կդառնա զարգացած գյուղատնտեսության համբավ ունեցող երկրներից մեկը: Ընդհանրապես մեր թիմը նորարարությունների ներդրման կողմնակից է, մեր երկրին միայն ինտելեկտուլ գյուղատնտեսություն է անհրաժեշտ», – հայտարարեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ